19/08/2025

Ադրբեջանն արդեն Իսրայելի գործողությունները որակում է «ագրեսիա»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մամուլի երկու ասուլիս է անցկացրել՝ օտարերկրյա և իսրայելցի լրագրողների համար: Նա պաշտոնապես հայտարարել է, որ բանակին տրվել է Գազայի մնացած քսանհինգ տոկոսը գրավելու հրաման:

Նաթանյահուն ակնարկել է, որ կառավարության որոշ անդամներ նոր լայնածավալ պատերազմին դեմ են արտահայտվել և առաջարկել, որ իրականացվի «տեղանքային շրջափակման» համալիր գործողություն:

«Պատերազմը կարող է դադարել վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի զինաթափվել և հեռանա Գազայից»,- ասել է Իսրայելի վարչապետը և մեկնաբանել, որ պաղեստինյան կազմավորումը մեկ ամիս իրենց «քթից բռնած մոլորեցրել է», իսկ վերջում առաջարկել այնպիսի պայմաններ, որ «խելամիտ ոչ մի կառավարություն չէր կարող ընդունել»:

Ի հակակշիռ ՀԱՄԱՍ-ի «վերջնագրային պահանջների», Նաթանյահուն շարադրել է Գազայում խաղաղության հաստատման իր կառավարության համաձայնեցրած նախապայմանները՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում, բոլոր պատանդների՝ ողջ, թե մահացած, վերադարձ, Գազայի ապառազմականացում, անկլավի նկատմամբ իսրայելական անվտանգության հաստատում, ՀԱՄԱՍ-ից կամ պաղեստինյան վարչակազմից անկախ այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում:

Նույն օրը հայտնի է դարձել, որ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել, որպեսզի սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարվի Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու մասին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնապես հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԳԱ սեպտեմբերյան նստաշրջանում ինքը կհայտարարի Պաղեստին պետությունը ճանաչելու մասին:

Համանման հայտարարություն է արել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, բայց վերապահում արել, որ Լոնդոնը Պաղեստին պետությունը կճանաչի, եթե Գազայում հումանիտար ճգնաժամը չհաղթահարվի:

Գազայի ամբողջական գրավման իսրայելական ծրագիրը, չնայած վարչապետ Նաթանյահուի խոստումներին, չի կարող լրացուցիչ մարդասիրական խնդիրներ չառաջացնել թեկուզ այն պատճառով, որ Իսրայելի կառավարությունը պատրաստվում է ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանել ռազմական գործողությունների գոտուց:

Ըստ տեղեկությունների, մոտակա օրերին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը վերստին կայցելի Իսրայել, որպեսզի ներկայացնի «փոխանակման գործարքի» նոր նախագիծ: Մանրամասնություններ առայժմ հայտնի չեն:

Ուշագրավ է, որ Թուրքիան, ինչպես արտգործնախարար Ֆիդանն է անոնսավորել, մտադիր է հրավիրել Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳ նախարարների խորհրդաժողով, որպեսզի Գազայում Իսրայելի «նվաճողական և ցեղասպան քաղաքականությունը կանխարգելող քայլեր մշակվեն»:

Ադրբեջանը ԻՀԿ անդամ է, ավելի քան երկու տասնամյակ այդ հարթակն օգտագործել է, որպեսզի առաջ մղի հակահայկական քաղաքականություն: Ուշագրավ է, որ վերջին մի քանի օրերին ադրբեջանական մամուլում Գազայի իրավիճակին վերաբերող հրապարակումներում Իսրայելի գործողությունները որակվում են «ագրեսիա»:

Ադրբեջանը Պաղեստինը ճանաչում է, Ռամալայում դիվանագիտական ներկայացուցչություն ունի և առերևույթ հանդես է գալիս Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հայտարարություններով: