Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանդես է եկել հանրության հետ շփվելու նոր նախաձեռնությամբ: Այսուհետեւ նա ամեն կիրակի ներկայացնելու է անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները ոչ թե լրահոսի տեսքով, այլ առանձնացված իրադարձությունները վերլուծելով որոշակի փաստերի համադրումով, վերլուծական որոշակի իմաստով:
«Տարվա 32-րդ շաբաթը լի էր շատ կարեւոր իրադարձություններով, որոնցից ամենակարեւորը եւ որը ինչ-որ իմաստով կարելի է պատմական համարել իր հնարավոր հետեւանքների տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցելությունն էր Միացյալ Նահանգներ, երկկողմ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ եռակողմ գագաթաժողովը, ինչպես պաշտոնապես ձեւակերպված է՝ խաղաղության գագաթաժողովը Թրամփի, Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ: Դրանք զուտ հանդիպումներ չեն եղել, դրանց շրջանակներում ստորագրվել են երկկողմ եւ եռակողմ փաստաթղթեր:
Վերջինում՝ հռչակագրում, կողմեր են Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ Դոնալդ Թրամփը հռչակված է որպես վկա»,-ասաց նա: Էդգար Ղազարյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը Ամերիկա մեկնել է արձակուրդում գտնվելու ընթացքում, որ կառավարության կայքում չկա մի տեղեկատվություն Փաշինյանի՝ նախ արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ:
«Վարչապետի որոշմամբ է վարչապետը մեկնում արձակուրդ, սահմանվում են արձակուրդի օրերը եւ ով է նրան փոխարինում: Եվ երբ որ ինչ-որ մի իրադարձությամբ վարչապետը վերադառնում է իր պարտականությունների կատարմանը, վարչապետի որոշմամբ նա հետ է կանչվում արձակուրդից: Սակայն նման որոշում գոյություն չունի: Այս պահին միայն գոյություն ունի որոշում Նիկոլ Փաշինյանին արձակուրդ ուղարկելու վերաբերյալ, որը կտեւի մինչեւ օգոստոսի 15-ը ներառյալ:
Կառավարության կայքում չկա նաեւ վարչապետի որոշում պատվիրակություն Միացյալ Նահանգներ գործուղելու վերաբերյալ, որը օրենքի պահանջ է: Լուսանկարներից երեւում է, որ պատվիրակության կազմում է նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ես նայեցի նաեւ ԱԺ կայքը: Այնտեղ էլ չկա կարգադրություն Հայկ Կոնջորյանին Ամերիկա գործուղելու վերաբերյալ:
Այսինքն, ակնհայտ ապօրինի ինչ-որ այցելություն է իրավունքի տեսանկյունից, որովհետեւ ըստ մեր օրենսդրության, այս պահին, ինչպես նաեւ այդ համաձայնագրի, հռչակագրի ստորագրման օրը վարչապետի պարտականությունները դե յուրե կատարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»: Էդգար Ղազարյանը տեսակետ հայտնեց, որ գուցե դա արել է դիտմամբ:
«Որովհետեւ այդ փաստաթղթերն իրենց մեջ շատ մեծ պրոբլեմատիկ դրույթներ են պարունակում, որպեսզի վաղը, մյուս օր խնդիրներ առաջանալու դեպքում ասի, որ ինքը իրավունք չուներ դա ստորագրել, որովհետեւ ինքը արձակուրդում էր: Իսկ եթե ամեն ինչ նորմալ լինի իր համար, կասի, որ ինքն է ստորագրել»,-կասկած հայտնեց նա:
Դիվանագետը նաեւ նկատեց, որ այցելությունը միշտ գաղտնի է պահվել հասարակությունից, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ վերջին շրջանի ողջ փոխգործակցությունը: «Եթե հիշում եք, 2025 թվականի հունվարի 14-ին Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում նախկին ադմինիստրացիայի՝ Էնթընի Բլինքենի հետ ստորագրեց հայ-ամերիկյան, այսպես կոչված, ռազմավարական համագործակցության հանձնաժողովի ստեղծման կանոնակարգը, որը ներկայացվում էր իբրեւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության համաձայնագիր, ինչը իրականում այդպես չէ:
Բայց դա նույնպես գաղտնի էր պահվում, դրա մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն երբեւէ չի եղել: Հիմա՝ նույնը: Դեռ շաբաթվա սկզբին որեւէ տեղեկություն չկար Նիկոլ Փաշինյանի՝ Ամերիկա այցի, նախատեսվող հանդիպումների, ստորագրվող փաստաթղթերի վերաբերյալ: Դոնալդ Թրամփն իր խոսքում ասաց, որ իրենք շատ երկար են աշխատել այդ փաստաթղթերի վրա: ԱՄՆ նախագահը աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկն է եւ նրա աշխատանքային գրաֆիկը մի օր, մի շաբաթ առաջ չի, որ որոշվում է:
Առավել եւս՝ եռակողմ հանդիպումը, որը նախապես համաձայնեցվում, քննարկվում է նախ Թրամփի, ապա Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի աշխատակազմերում: Դա նշանակում է, որ դա շատ վաղուց է տեղի ունեցել, բայց չգիտես ինչի, գաղտնի էին պահում: Անգամ, երբ օգոստոսի 4-ին լրագրողներն են հարցրել»,-ասաց նա:
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ այս այցի հետ կապված բոլոր մանրամասների մասին հիմա նյութեր է հավաքում եւ առաջիկայում դրանք կներկայացնի ամենայն մանրամասնությամբ՝ թե արարողակարգային, թե պատվիրակության կազմը, թե ստորագրված փաստաթղթերը, դրանց բովանդակությունը: Եվ արձանագրեց, որ Հայաստանը ակնհայտորեն ոչինչ չի ստացել, հայկական որեւէ պահանջ, ցանկություն չի կատարվել:
«Ադրբեջանը հերթական անգամ հասել է իր քաղաքական հաջողությանը: Եվ պետք է ասեմ, որ 2018 թվի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո խնդիր չկա, որ Ադրբեջանն իր առջեւ դնի ու չկարողանա իրականացնել: Ադրբեջանն իր առջեւ դրված խնդիրները չէր կարողանում իրականացնել, քանի դեռ Հայաստանում նախագահ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Այն ժամանակ ոչ մի խնդիր չէր կարողանում լուծել»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Բաց մի թողեք
էն ինչ ասում, խոսում ու հայտարարում է Փաշինյանը էս երկրի 70-75%-ին չի հետաքրքրում
Փաստաբանները կարող են բացատրել Սամվել Կարապետյանի «մեր ձևով» արտահայտության էությունը
Կարդալու ու դասեր քաղելու մասին․ Տիգրան Պասկևիչյան