Կառավարությունը «անդաստիարակ երեխայի» նման չի կատարում ՀԷՑ-ի մասով Սամվել Կարապետյանի օգտին կայացրած Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի Արտակարգ արբիտրի հրատապ որոշումը։
Շուրջ 20 օր առաջ միջազգային բարձր դատարանը որոշում կայացրեց` մասնակիորեն հօգուտ Սամվել Կարապետյանի։
«Եթե ՀՀ կառավարությունը շարունակի չկատարել հայցի ապահովումը, ստացվում է, որ սպասելու են արբիտրաժի վերջնական որոշմանը։ Սակայն չկատարումը հղի է լուրջ հետեւանքներով, գուցե չերեւացող լինի, քանի որ չկա հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որ ստիպի, բայց միջազգային վարկի եւ հետագա ռիսկերի առումով պրոբլեմատիկ է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը։
Արբիտրաժը պարտավորեցրել էր Հայաստանին՝ ձեռնպահ մնալ վերջերս ընդունված օրենսդրական փոփոխություններով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաեւ ՀԷՑ-ի բռնագրավման հետագա քայլերից։ Հայաստանի կառավարությունը, սակայն, հայտարարել էր, որ ՀԷՑ-ի ժամանակավոր տնօրենի նշանակումը չի հակասում ներպետական եւ միջպետական իրավունքին։
Սակայն կառավարությունը ոչ միայն փաստացի չի կատարել արբիտրաժի որոշումը, այլեւ ՀԷՑ-ում պայմանագրեր է խզել, պաշտոնանկ արել ղեկավար կազմին եւ այլն։ ՀԷՑ-ի տնօրինությունը նոր հայց էր ներկայացրել դատարան՝ ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու համար, սակայն արբիտրաժը «մերժեց» հայցը՝ ՀՀ կառավարությանը պարտավորեցնելու գործիքակազմ չունենալու պատճառով։
Կարապետյանները դատարանից պահանջում էին հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական պարտավորություն՝ հրատապորեն կատարելու արբիտրաժի՝ ավելի վաղ կայացված վճիռը։
Այն է՝ պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու հայցվորների առաջին դիմումի ամսաթվի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի դրությամբ ՀԷՑ-ի ստատուս քվոն, ինչպես նաեւ պարտավորեցնել Հայաստանին` Արտակարգ արբիտրին եւ հայցվորներին տեղեկացնելու արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին։
Ըստ Դավիթ Ղազինյանի՝ արբիտրաժն էլ է «շոկի» մեջ ՀՀ կառավարության վարքագծից. «Պաշտոնյան պետք է խոսելուց առաջ մտածի։ Ըստ իշխանականների՝ միջազգային դատարանի որոշումը պետք է ներքին օրենքներով անցկացնեն, սպասեն, որ դատավորն ասի՝ ճիշտ է կամ սխալ։ Մեր օրենսդրությամբ միջազգային պայմանագրերն ավելի բարձր են, քան ներքին օրենքները։ Միջազգային պայմանագրերը կնքվում են էն դեպքում, երբ անցնում են ՍԴ-ով։ Այսինքն, երբ մեր ներքին օրենսդրությունը հակասում է միջազգային պայմանագրին, պետք է կատարվի միջազգային պարտավորությունը եւ փոխվի ներքին օրենսդրությունը, համապատասխանեցվի միջազգային պայմանագրին։ Այս ամենից հետո մեր «խելոքներն» ասում են՝ պետք է ներպետական ատյաններ դիմեն»։
Ռոմանոս Պետրոսյանը չնայած ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ է, սակայն իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»։ Ընկերության մասնաճյուղերի տնօրեններ է փոխում, անգործ մնացած ՔՊ-ականներին գործի է տեղավորում, ու բնավ էական չէ՝ մասնագետնե՞ր են, գործից հասկանո՞ւմ են, թե՞ ոչ։ Մասնաճյուղերի տնօրենների կտրուկ փոփոխությամբ, ըստ Դավիթ Ղազինյանի, իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ոչ թե պրոֆեսիոնալիզմն է հետաքրքրում իրեն, այլ՝ անձինք. «Ոչ միայն «սվոյ» լինելը, այլեւ կուսակցական պատկանելությունն է իրենց համար կարեւոր։ Գործի են տեղավորել մարդկանց, ովքեր մեկ օր անգամ այս համակարգում չեն աշխատել, սակայն դարձել են կարեւոր ստորաբաժանման ղեկավար։ Առաջարկում եմ զանգել նշանակվածներին, հարցնել՝ ի՞նչ է ենթադրում ձեր աշխատանքային գործունեությունը, պարտականություններն ասեք, չգիտեն, չեն կարող ասել»:
Բաց մի թողեք
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար
Ինչ է հայտարարագրել, մյուսների պես, 2018 թվականից հետո կենսագրություն ունեցող Էկոպարեկային ծառայության պետը․ Լուսանկար