15/10/2025

Եթե Ադրբեջանը չլուծի իրավական այս կազուսը, ապա հայ-ադրբեջանական՝ խաղաղության հռչակագիրն առ ոչինչ է

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, յուրովի մեկնաբանելով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ փաստաթուղթը, հայտարարել է, թե այնտեղ կա դրույթ, որ հայ-ադրբեջանական համաձայնագրի վերջնական ստորագրման և վավերցման համար պետք է հետագա քայլեր արվեն:

«Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն սպասում է Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխությունների կատարմանը, որպեսզի վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որ այնտեղ դեռևս կան»,- մանրամասնել է Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչը:

Հայ-ադրբեջանական Համաձայնագրի նախաստորագրված տեքստում կա հստակ դրույթ, որ կողմերի ազգային օրենսդրությունը չի կարող այլ մեկնաբանության տեղիք տալ, քան ամրագրված է փաստաթղթի հոդվածներում:

Հայկական կողմի հիմնավորումը, որ այդ դրույթը հանում է «տարածքային պահանջների» հարցում անհանգստությունը, պաշտոնական Բաքուն չի ընդունում և առարկում է, որ սահմանադրությունը գերակա իրավական ուժ ունի ինչպես ներպետական իրավական ակտերի, այնպես էլ միազգային պայմանագրի նկատմամբ:

Սա ֆորմալ առումով ճիշտ է, բայց իրավական համարժեքությունը երկսայրի սուր է, նախաստորագրված Համաձայնագրի թե նախաբանի, թե տարածքային ամբողջականությունը, սահմանների անփոփոխելությունը և քաղաքական անկախությունը փոխադարձաբար ճանաչելու մասին հոդվածներով Բաքուն ընդունում է Ադր.ԽՍՀ իրավահաջորդություն, մինչդեռ գործող սահմանադրության իմաստով ներկայիս Ադրբեջանը 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ ուղղակի հետնորդն է:

Ըստ էության, Ադրբեջանն ԱԴՀ իրավահաջորդությունը փաստացի սահմանադրական համակարգում չի արտացոլել, ինչի վկայությունն այդ երկրի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն է, որ տառացիորեն կրկնօրինակել է խորհրդային Ադրբեջանի վարչա-տարածքային կառուցվածքը՝ բացառությամբ ԼՂԻՄ-ի:

Եթե Հայաստանի սահմանադրության նախաբանում «Անկախության հռչակագրին» հղումը Բաքուն ընկալում է որպես Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջ», ապա նույն տրամաբանությամբ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում «Պետական անկախության վերականգնման մասին» 1991 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտին հղումը ենթադրում է, որ Ադրբեջանը հավակնում է այն բոլոր տարածքներին, որ ԱԴՀ-ն համարել է իր «իրավազորության տակ»:

Ուստի, եթե Վաշինգտոնի եռակողմ հռչակագիրը նախատեսում է հետագա քայլեր, ինչպես Էլչին Ամիրբեկովն է «մեկնաբանում», ապա քայլեր պետք է ձեռնարկի հենց Ադրբեջանը, քանի որ այդ երկրի գործող սահմանադրությունը ոչ միայն հակասում է հայ-ադրբեջանական Համաձայնագրին, այլև իրավական առումով ապալեգիտիմացնում է փաստացի գոյություն ունեցող ադրբեջանական պետությունը:

ՄԱԿ-ի Կանոնադրության, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին», Ալմաթիի հռչակագրի, Հելսինկյան եզրափակիչ ակտի իմաստով «Ադրբեջանական Հանրապետություն» կոչվող պետությունը ԽՍՀՄ կազմում յոթանասուն տարի գոյություն ունեցած Ադր.ԽՍՀ-ի, իսկ ազգային սահմանադրությամբ միջազգայնորեն գոյություն չունեցած «ԱԴՀ»-ի իրավահաջորդն է:

Եվ եթե Ադրբեջանը չլուծի իրավական այս կազուսը, ապա հայ-ադրբեջանական՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագիրը միջազգային իրավունքի տեսակետից առ ոչինչ է:

Կա նաև այլ լուծում. Ադրբեջանի Սահմանադրական դատարանը վճռում և ի լուր ՄԱԿ-ի հայտարարում է, որ սահմանադրության նախաբանում «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտին հղումը բացառապես խորհրդանշանական է, առմիշտ չի կարող իրավական հետեւանքների աղբյուր հանդիսանալ:

«Անկախության հռչակագրի»՝ Ադրբեջանին մտահոգող ձևակերպման վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն իսկ նման վճիռ կայացրել է: