«Օգոստոսի 7-ին,- այդ օրն Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետը կայացրել է Գազան ամբողջովին գրավելու որոշում,- հաջորդած իրադարձությունները վկայում են, որ Նաթանյահուն ավելի շատ տրամադրված է բանակցությունների, քան պատերազմի»,- տպավորություն է փոխանցել Sky News Arabic հեռուստաընկերությունը, որի տեղեկություններով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները «ժամանել են Դոհա, որտեղ կներկայացվի «նոր գործարքի» նախագիծը»:
Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ ներկայացված է «ամերիկյան պլան, որ արժանացել է Իսրայելի հավանությանը»:
Այն կազմված է «համապարփակ կարգավորման» սկզբունքով: Ըստ տեղեկությունների, ներկայացած առաջարկությունների ամենաբարդ հարցը վերաբերում է ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը, նրա գործունեության սառեցմանը և Գազայում նոր քաղաքացիական վարչակազմի ձևավորմանը:
Այս իմաստով կարեւոր է առանձնացնել «Եդիոտ ահրոնոտի» ռազմական և անվտանգային հարցերով մեկնաբան Ռոն Բեն-Իշայի դիտարկումը, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափման և կազմացրմանը վերաբերող դրույթի շուրջ «բանակցություններում միջնորդություն է իրականացնում նաև Թուրքիան»:
Օգոստոսի 12-ին Իսրայելի անվտանգության համակարգի աղբյուրը Ynet-ին ասել է, որ Դոհայում վերսկսվող բանակցություններից դրական ակնկալիքները «երևույթական են»: Նա կարծիք է հայտնել, որ «ՀԱՄԱՍ-ը, լինելով ահաբեկչական կազմակերպություն, չի համաձայնի զինաթափմանը, այստեղ չեն օգնի անգամ թուրքական երաշխիքները»:
Կարելի է ասվածից ենթադրել, որ Թուրքիան հետկոնֆլիկտային Գազայի «քաղաքացիական նոր վարչակազմում» ներկայություն ունենա հնարավորություն է տեսնում՝ փոխարենը հանդես գալով որպես ՀԱՄԱՍ-ի «անվտանգության երաշխավոր»:
Վերջին օրերին թուրք պաշտոնյաները, այդ թվում և՝ նախագահ Էրդողանը, հրաժարվել են Գազայում ռազմական միջամտության սպառնալիքներից, խնդիրը հասցեագրում են ՄԱԿ-ին, իսլամական աշխարհին:
Ըստ երևույթին, Թուրքիան ձգտում է արաբական մի քանի երկրի, առաջին հերթին՝ Կատարի և Եգիպտոսի, հետ մաս կազմել Գազայի «քաղաքացիական կառավարմանը», որ, սակայն, ըստ տեղեկատվական արտահոսքի, պետք է «գործի Միացյալ Նահանգների դիտորդության ներքո»: Վերջին օրերին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն այցելել է Կահիրե, իսկ օգոստոսի 11-ին նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ:
Այս ֆոնին Մոսկվան չափազանց կարեւոր տեղեկատվական արտահոսք է կազմակերպել. «Կոմերսանտին» հայտնի է դարձել, որ Սիրիայում Ռուսաստանի ԶՈՒ ռազմական ոստիկանությունը «վերսկսել է Իսրայելի հետ սահմանին պարեկությունը, միաժամանակ մտել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Կամիշլի քաղաքը»:
Ըստ ռուսաստանյան պարբերականի աղբյուրների, Ռուսաստանին «վերստին Սիրիա է հրավիրել անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան»:
«Կոմերսանտի» աղբյուրներն ասել են, որ Սիրիայի հարավում ռուսական ռազմական պարեկությունը «համաձայնեցված է Իսրայելի հետ»: Խոսքը Գոլանի բարձունքների և սիրաիական տարածքների միջև Բաշար Ասադի տապալումից հետո Իսրայելի ստեղծած «բուֆերային գոտու» մասին է, որտեղ հաստատվելու Թուրքիայի փորձերը Նաթանյահուի կառավարության կողմից արժանացել են ռազմական կոշտ հակահարվածների:
Եթե «Կոմերսանտի» ունեցած տեղեկություններն արժանահավատ են, ապա կարելի է ասել, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության վերահաստատումը համաձայնեցված է առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ:
Պատահական չէ, երևի, որ «տեղեկատվական արտահոսքը» կազմակերպվել է Թրամփ-Պուտին գագաթաժողովին ընդառաջ: Իրավիճակի «դելիկատությունը» կարելի՞ է տարածել նաեւ Վաշինգտոնի հայ-ադրբեջանական նախնական պայմանավորվածությունների վրա:
Եթե Թուրքիան մաս կազմի Գազայի հետկոնֆլիկտային կառավարմանը, իսկ Ռուսաստանը և Իսրայելը,-փաստացի՝ Միացյալ Նահանգները,- պայմանավորվեն Սիրիայի «արտաքին կառավարման» հարցում, ապա Սյունիքում «Թրամփի կամուրջ» նախագծի շուրջ ԱՄՆ- Ռուսաստան «գործարք» տեղի կունենա՞:






Բաց մի թողեք
Պուտինն աչք ունի անգամ Արևելյան Եվրոպայի վրա, ատամները ջարդել է պետք
Թափանցիկ ակնարկ է, որ ՌԴ ահաբեկիչները կարող են «հայտնվել Կենտրոնական Ասիայում և Կովկասում»
Հայաստանի իշխող քաղաքական դասի կրթվածությունը կամ էրուդիցիան կասկածելի է, անշուշտ