16/10/2025

Մի՛ արեք էդպես, էդպես խոզաբար մի մտեք մեր հոգու մեջ․ Նահապետյան

Տունը, որտեղ մանկությունս է անցել ու որտեղ հիմա ապրում են էս աշխարհի երեսին իմ ամենասիրելի մարդիկ` հայ-ադրբեջանական սահմանից հեռու է ընդամենը 10 կիլոմետր։ Ամենասովորական Դ-30 հրանոթի կրակի հեռահարությունը մոտ 15 կիլոմետր է, իսկ այդ հրանոթից Ադրբեջանը ունի մոտ 500 հատ։ Էնպես որ պետք չի խելագարության կանխավարկածով մոտենալ ու ոչ էլ արժի, որ Կիևյանցի դեպուտատները ինձ բացատրեն թե ինչքան կարևոր բան է խաղաղությունը։ 

Պատերազմից հետո, երբ մեր «խաղաղարարները» ծակերը մտած իշխանություն պահելու հարց էին լուծում` հայրս էր արբանյակային ռադարային պատկերների միջոցով սկանավորում պատերազմի գոտին ու մեկ առ մեկ նշում բոլոր այն կետերը, որոնք կարող էին ենթադրաբար մեր տղերքի եղբայրական գերեզմանները լինել, որպեսզի կրճատվեր անհետ կորածների հոգի մաշող անվերջ երկար անվանացանկը։

Ու ես գիտեմ, ապրել եմ էդ «խիստ տեխնիկական գործի» ողջ հոգեբանական ողբերգությունը. էնպես որ նաև չարժի, որ Եվրոպայում դեսպանի պաշտոն կպցնող ու արանքը ճղող նախկին դեպուտատները ինձ դասեր տան թե ինչքան ծանր է կորստի ցավը… երբ մինչև էսօր փողոցներում քայլող մարդկանց մեջ հանկարծ «տեսնում ես» զոհված ընկերոջդ, իսկ հետո գիտակցում, որ դա միրաժ է, ցնորք, որ նույն կազմվածքի, սանրվածքի ու դիմագծերի տակ նույն կյանքը չէ` էլի շատ թանկագին, բայց ուրիշ կյանք է… երբ մինչև էսօր երբեմն հիշում ես հին ծանոթներից մեկին, քեզ հարց տալիս «ուր ա, չկա, չի էրևում», մտնում ես ֆեյսբուքի էջն ու սարսռում գլխավոր նկարի տակ գրված քոմենթների բերած գիտակցումից, էն գիտակցումից, որ իրադարձություններն այնքան արագ էին, իսկ զոհերն այնքան շատ, որ նույնիսկ չես իմացել նրա զոհվելու մասին. արդեն հի՛նգ տարի։

Մի՛ արեք էդպես, ձեզնից խաղաղարարներ սարքելու համար էդպես խոզաբար մի մտեք մեր հոգու մեջ ու մի՛ տրորեք մեր հոգու նուրբ էմոցիաները միայն նրա համար, որ ցույց տաք թե դուք գիտեք ինչ է խաղաղությունն ու պատերազմի կորուստը, իսկ մենք անասնական բնազդով ապրող գազաններ ենք, որ արյուն ենք տենչում։

Ո՛չ, մենք գիտե՛նք ինչ է խաղաղությունը ու գուցե գիտենք դա ձեզնից ավելի լավ։ Հարցն այլ է` կգտնվի արդյոք այն կերպը, որ մեր ժողովրդին բերենք այնպիսի խաղաղություն, որը նվաստացման քիփ կապած վզկապ չէ` ինչից ձգտում են ազատվել առաջին իսկ պատեհությամբ։ Կգտնվի՞ արդյոք խաղաղության այն բանաձևը, որ խաղաղություն է բերում նաև հոգում ու թույլ է տալիս խաղաղվել հարևանի հետ։

Դուք հիմա ձգտում եք լռեցնել բոլոր այդ ձայները, որոնք գալիս են մարդկանց հոգու ու մտքի անխաղաղ անկյուններից ու մարդիկ կլռեն… բայց որտեղ կպայթի այդ լռությունը ու ինչ նոր ավերներ կբերի մեր երկրին` ահա դա է հարցը։ Ատելությունն ու սուտը խաղաղության ռազմավարություն չէ, չի եղել և չի լինելու։ Հատկապես, եթե բերածդ թուղթը ո՛չ լավ ու ո՛չ էլ նույնիսկ վատ խաղաղության մասին չէ։

Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը