Երևանում օգոստոսի 11-ին տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին:
«Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության և մի շարք ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը՝ այս համատեքստում կարևորելով Օմանում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումը:
Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին, ներդրումների խթանմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում առկա փոխգործակցության խորացմանն ուղղված հարցեր: Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերի իրագործումը:
Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին հայտնել է, որ Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը, ինչպես նաև քննարկվել են երկու երկրների միջև փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջպետական փաստաթղթերի վերջնականացման և կնքման հետ կապված հարցեր:
Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին վերահաստատել է Օմանի Սուլթանության դիրքորոշումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցության վերաբերյալ՝ շնորհավորելով հայաստանցի պաշտոնակցին օրեր առաջ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության հասնելու Հայաստանի Հանրապետության տեսլականը, անդրադարձել ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևորագույն այլ հարցերի:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում