19/08/2025

Եթե Եվրոպան, կամ Չինաստանը պատրաստ լինեն իրենց բեռները փոխադրել այս ճանապարհով, բայց չունեն․ Պարսյան

Ամերիկացի պաշտոնյաներն օրերս Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում նշել են, որ Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առևտրային խնդիր է, ոչ թե բարեգործություն։ «Սա շահավետ ներդրումային գործարք է», – ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ վերջին օրերին առնվազն ինը ընկերություն հետաքրքրություն է հայտնել տարանցիկ միջանցքը շահագործելու հարցում, այդ թվում՝ երեք ամերիկյան ընկերություններ։

Associated Press- ը, հղում անելով Սպիտակ տանը, հաղորդում է՝ Հարավային Կովկասի երկու երկրների ստորագրած համաձայնագիրը կստեղծի խոշոր տարանցիկ միջանցք: Խոսքը «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագծի մասին է` Թրիպի:

Այդ երթուղին կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, որոնք բաժանված են հայկական տարածքի 32 կիլոմետր (20 մղոն) լայնությամբ հատվածով: Այս հարցում Ադրբեջանի պահանջը մինչ օրս խոչընդոտում էր խաղաղության շուրջ բանակցություններին, նշում է ամերիկյան AP-ն։

ՔՊ-ական ուսապարկերն էլ մեկ մարդու պես նշում են, որ Հայաստանը բացի անվտանգություն հաստատելուց, թևակոխում է տնտեսական մեծ հնարավորություններով հագեցած մի նոր պատմական շրջան:

Իրականում ի՞նչ է շահելու Հայաստանն այս ամենից, Հրապարակ թերթը հարցրել է  տնտեսագետ Սուրեն Պարսյանին:

Նա մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային նկատեց. «Պետք է ֆիքսել, որ որպես այդպիսին այդ պայմանագրի հիմնական շարժառիթը անվտանգությունն է: Գաղտնիք չէ, որ Բաքուն պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով էր հանդես գալիս, անգամ հարձակվեց, Սյունիքից, Գեղարքունիքից տարածքներ օկուպացրեց և այլն:

Իշխանությունների թիվ մեկ նպատակը ագրեսիան կանխելն էր: Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա պետք է նշել, որ Հայաստանի համար խնդիրը բլոկադայից դուրս գալն է, որպես` տարանցիկ երկիր, սակայն դա չի նշանակում, որ տարանցիկությունը պետք է լինի միակողմանի: Ինչպիսի տարանցիկություն, որ մենք ենք Ադրբեջանին տրամադրում, նույնն էլ Ադրբեջանը պետք է մեզ տրամադրի:

Բացի այդ, հարկ է նշել, որ այդ ճանապարհի հիմնական նպատակը ոչ թե Նախիջևան-Ադրբեջան, կամ Անկարա բեռնափոխադրումների սպասարկումն է, այլ` Արևելք-Արևմուտք բեռնափոխադրումների սպասարկման մասին է խոսքը:

Եթե Եվրոպան, կամ Չինաստանը պատրաստ լինեն իրենց բեռները փոխադրել այս ճանապարհով, ապա տնտեսական օգուտներ Հայաստանը կարող է ունենալ: Հնարավոր ապրանք փոխադրողը, արտահանողը այս տարածքով Չինաստանն է: Բայց թե Չինաստանն ինչքանով է պատրաստ իր բեռները փոխադրել ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ճանապարհով, ցույց կտա ապագան:

Չինաստանն իր հիմնական ուղին դիտարկում է Վրաստանով, երկար ժամանակ այդ ճանապարհը վարձակալել են և բեռները Վրաստանի տարածքով է Եվրոպա փոխադրվում: Այսինքն` Չինաստան, Միջին Ասիայի երկրներ, Ադրբեջան և Եվրոպա հենց այս երթուղով է Չինաստանը դիտարկում:

Թե Հայաստանն այստեղ ինչքանով կկարողանա ունենալ հնարավորություններ: Հաշվի առնենք, որ այս պահին վաղ է ինչ որ բան ասելը, քանի որ ոչ արտահանման ծավալները կան, ոչ ներդրումներ կան, ոչ էլ ենթակառուցվածքներ կան ու փոխադարձ վստահություն երկու երկրների միջև:

Այս իշխանությունների համար սա ավելի շատ նախընտրական պրոցեսին միտված քայլ է, այլ ոչ թե տնտեսական նախագիծ: Նրանք օգտագործելու են այս ամենը, մարդկանց համոզելով, որ խաղաղություն և տնտեսական օգուտներ են բերել»: