16/10/2025

Դպրոցը որքան հստակ լրացնի հայտը, այնքան ֆինանսավորումը ճշգրիտ կլինի

«Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով նախօրեին Ծաղկաձորում անցկացվել է արտագնա խորհրդակցություն, որի շրջանակներում քննարկվել են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

Մասնավորապես նշվել է, որ սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի գրեթե բոլոր դասարաններում՝ բացառությամբ 12-րդի, որտեղ չափորոշչի ներդրումը նախատեսվում է գալիք ուսումնական տարվանից։ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանն ասում է` որեւէ խնդիր չկա այստեղ, դա նախատեսված է ժամանակացույցով, քանի որ հանրակրթության պետական չափորոշիչը փուլերով է ներդրվում եւ վերջնականապես ու ամբողջությամբ կներդրվի հաջորդ տարի:

Ինչ վերաբերում է դպրոցների ֆինանսավորման մոդելին, ապա ֆինանսավորման համար հիմք են ընդունվելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցների կողմից մուտքագրված ելակետային տվյալները, ուստի կարեւոր է, որ տվյալներն արտացոլեն իրական պատկերը եւ լինեն ճշգրիտ։ Այս առնչությամբ Արտակ Պողոսյանն ասում է, որ դպրոցի տնօրենները տեղեկացված են, ավելին` քանի որ կիսամյակներով է ֆինանսավորումը տեղի ունենում, արդեն 3 անգամ փորձնական այն իրականացվել է:

«Ֆինանսավորման բանաձեւը քանի որ ամբողջությամբ թվայնացված է, եւ համակարգն ավտոմատ հաշվարկում է դպրոցի համար նախատեսված բյուջեն ըստ բանաձեւի, անհրաժեշտություն կա, որ դպրոցի տնօրեններն ավելի ուշադիր լինեն եւ ուսպլանները ձեւավորելիս ճիշտ թվեր գրեն, որպեսզի համակարգը ճիշտ հաշվարկի եւ ճիշտ աշխատի։ Բոլոր տնօրենները տեղեկացված են, որովհետեւ սա կլինի արդեն 4-րդ անգամը, որ իրականացվում է։ Իսկ վերջնականում, երբ իրենք սովորեն, այդ ամեն ինչը կլինի նաեւ բաց։ Այսինքն՝ տնօրենը կարող է մտնել, իր տվյալները մուտքագրել եւ տեսնել, թե իրեն, որպես այդպիսին, ինչքան ֆինանսավորում է տրվելու»,- Հրապարակ թերթի հետ զրույցում նշում է ԿՏԱԿ տնօրենն ու նկատում, որ այս ֆունկցիան ներկայում դեռ հասանելի չէ։

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին դպրոցների ֆինանսավորման մոդելն ըստ դասարանների թվի է, որը, ըստ Ա. Պողոսյանի, բավականին բարդ բանաձեւ է։ «Այդտեղ ոչ միայն դասարանն է, այլ նաեւ՝ ուսուցիչների դրույքաչափի հաշվարկը ամեն ուսուցչի համար` ըստ բնագավառների, գործակիցների, ամեն պաշտոնի համար որոշակի գործակիցներ կան, նաեւ՝ սպասարկման ծախսեր, մի խոսքով՝ բավականին բարդ բանաձեւ է,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ, այդքանով հանդերձ, հավելյալ ծանաբեռնվածություն ուսուցիչների վրա չի ավելացել։- Իրենք, այսպես թե այնպես, անում էին ուսպլան, իրականացնում էին դասաբաշխում, բացի դրանից՝ լրացնում էին վիճակագրական տվյալները շենք-շինությունների մասով` ինչ լաբորատորիաներ, բակային տարածք ունեն եւ այլն: Եթե դպրոցը, օրինակ, չի լրացնում, որ ինքն ունի ֆիզիկայի կամ քիմիայի լաբորատորիա, համակարգը չի հաշվարկի լաբորանտի հաստիք»:

ԿՏԱԿ տնօրենն ընդգծում է` դպրոցներն ինչքան հստակ լրացնեն, այնքան ֆինանսավորումն էլ ճշգրիտ կլինի։ «Ունեցել ենք դեպքեր, երբ, օրինակ, բակային տարածք ունի դպրոցը, բայց չի լրացրել, որ ունի այսքան բակային տարածք` այսքան քմ-ով, եւ ընթացքում տնօրենը զանգել ասել է, որ մեզ մոտ բակապանի հաստիք չի ձեւավորվում: Նման դեպքերում դպրոցը կարող է մտնել, խմբագրել եւ ավելացնել այդ տողը, որից հետո այդ հաստիքը կձեւավորվի»,-ասում է Պողոսյանն ու նկատում, որ համակարգը բաց է, եւ փոփոխություն անելու հնարավորությունն էլ՝ միշտ առկա: