19/08/2025

Իրավիճակը այս պահին էլ լարված է Լոռու մարզում, ինչու ․․․ Լուսանկար

«Զով-Գուժ» ՍՊԸ-ն երկրորդ հանրային քննարկման փորձն է ձեռնարկել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում՝ Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանման նպատակով երկաբանական հետազոտությունների աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հայտի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախորդ փորձը ձախողվել էր․ բնակիչները չէին ցանկացել լսել նախաձեռնողներին: Իրավիճակը այս պահին էլ լարված է:

Այսօր առավոտյան աղմուկ ու լարված իրավիճակ էր Լոռու մարզի Քարաբերդ համայնքում, որտեղ «Զով-Գուժ» անվանումով ՍՊԸ-ն հանրային լսում էր անցկացնում ոսկու հանքավայրի հայտնաբերման համար երկրաբանական աշխատանքների իրականացման համար։ Համայնքային հանդիպման ժամանակ ընկերությանը թույլ չեն տալիս ներկայացնել ծրագիրը, աղմուկի ու գոռգոռոցի մեջ բովանդակային քննարկում այդպես էլ, ըստ էության, չեղավ։

Հատկանշական է, որ աղմուկի հիմնական հարուցիչները համայնքի բնակիչները չէին, այլ Երևանից եկած ակտիվիստների խմբերը, բնապահպաններ, որոնց տեսել ենք տարբեր այլ հանքերի քննարկումներում, այդ թվում` նրանք, ովքեր ակտիվ մասնակցում էին Ամուլսարի գործընթացին։ Գյուղացիներից մեկը նույնիսկ բողոքեց, թե դրսից եկել եք, խոսում եք, չեք թողնում, որ գյուղացին լսի, իր կարծիքն ասի։ Այս բողոքին ի պատասխան երևանյան ակտիվստներից մեկն իր պարտքը համարեց համայնքի բնակչի վրա բարկանալ` «իսկ գիտե՞ք, որ կմեռնի ձեր գյուղը, եթե հանք լինի»։

Բոլորովին չանտեսելով հանքարդյունաբերության հետևանքով հնարավոր բացասական հետեւանքները, արձանագրենք մի քանի մտահոգիչ փաստ։ Հանքարդյունաբերությունը ծաղկում ու բարգավաճում է տասնյակ զարգացած երկրներում, եւ գյուղերն այնտեղ չեն մեռնում։ Ուրեմն հնարավոր է ներդնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կապահովեն նման գործունեություն։ Կոնկրետ Քարաբերդում այս ընկերության մասին տեղեկություններ չունենք` գուցե իսկապես մտահոգվելու առիթ կա, բայց մեզ մոտ բովանդակային քննարկում նման հարցերի շուրջ հազվադեպ է տեղի ունենում։ Հենց որ մի տեղ նույնիսկ երկրաբանական ուսումնասիրությունների մասին է խոսք գնում, անմիջապես զարմանալի արագությամբ հայտնվում են նույն ակտիվիստական խմբերը, ու թույլ չեն տալիս նույնիսկ խոսել հանք ունենալու հնարավորության մասին, սկսում են մարդկանց վախեցնել, թե բոլորդ կմեռնեք։

Մինչդեռ հարևան Ադրբեջանը հենց անցյալ շաբաթ հայտարարել է ոսկու նոր հանքերի շահագործման մասին։ Զուգահեռաբար Ադրբեջանը ակտիվ պայքարում է Հայաստանում հանքերի դեմ միջազգային տարբեր հարթակներում։ Հավանաբար նպատակն է՝ որ ոսկին կամ այլ մետաղներն արդյունահանվեն միայն Ադրբեջանում, իսկ մենք մնանք Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով գյուղմթերքի առևտրի խոստման հույսին։ Հատկանշական է, որ Քարաբերդում դեռևս միայն երկրաբանական աշխատանքներ են ուզում անել, որ հայտնի չէ հանք կդառնա, թե ոչ, եթե նույնիսկ դառնա էլ, տարիներ կանցնեն, մինչև հանքը կառուցվի։ Ամուլսարը՝ օրինակ։

Բայց այս ակտիվիստներն արդեն հիմիկվանից հավաքվել գնացել են «փրկելու» քարաբերդցիներին։ Մինչդեռ հենց հիմա, արդեն քանի օր այրվում է Նուբարաշենի աղբավայրը, բառիս բուն իմաստով «սպանելով» Երևանցիներին արդեն այսօր, բայց բնապահպանները ձայն չեն հանում: Նրանք կազմակերպված հավաքվում են բացառապես հանքարդյունաբերական որևէ ծրագիր խափանելու նպատակով։ Եւ ոմանք մոտ այս պահվածքը կասկածների տեղիք է տալիս: Նրանց վարքագծին հետեւողները նաեւ զարմանալի հետևողական սինխրոնություն են նկատում` Հայաստանի հանքերի դեմ բոլոր հարթակներում պայքարող Ադրբեջանի հետ։

Ի դեպ, պայքարի առաջնագծում այսօր տեսանք նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի նախկին աշխատակցի, որին աշխատանքից հեռացրել էին տարեսկզբին` ԶՊՄԿ-ում աշխատանքների տասնօրյա գործադուլի կազմակերպմանը մասնակցելու համար։ Վերջինս դիմել էր դատարան՝ աշխատանքի վերականգնվելու հայցով: Բայց հայցը, մեր տեղեկություններով, մերժվել է։ Ինչպես և ինչն է միավորում այս մարդկանց։ Բնապահպանությո՞ւնը, թե՞ ինչ որ գրանտային պատմություններ կան սրա խորքում թաքնված։ Անկախ նրանից, թե Քարաբերդի նախագիծը որքանով է օգտակար եւ անհրաժեշտ մեր երկրին ու կոնկրետ համայնքին։

Լարված իրավիճակ Լոռու մարզում