«Փաշինյանը դետալների մեջ չի մտնում, բայց, ինչպես անգլիացիներն են ասում, սատանան դետալների մեջ է: Հայաստանի իշխանությունը չի գաղտնազերծում, թե ինչ իրավական ռեժիմ է գործելու, որովհետեւ հասկանում են՝ քիչ թե շատ գիտակից մարդու համար պարզ է լինելու, որ Հայաստանի Հանրապետության այդ տարածքի նկատմամբ Հայաստանի իրավազորությունն էապես նվազելու է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ վերլուծելով վաշինգտոնյան հռչակագիրը, որով Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քավորությամբ Ադրբեջանին հանձնեց Ալիեւի ցանկացած անխոչընդոտ ճանապարհը:
Նրա խոսքով, Հայաստանը, փաստացի, իր տարածքով միջանցք տվեց Ադրբեջանին, որը վերահսկվելու է երրորդ երկրի կողմից: «Սկսենք նրանից, որ ՀՀ օրենսդրությամբ չկա որեւէ դրույթ, որը թույլ է տալիս կառավարությանը՝ իր տարածքի մի մասը երրորդ կողմի վարձակալությանը հանձնել:
Ադրբեջանը, ինչպեսեւ պահանջում էր, հայկական տարածք՝ երրորդ կողմին վարձակալման տրված տարածք ոտք դնելիս որեւէ հայ պաշտոնյայի հետ չի առնչվելու, դա Բաքվի պահանջն էր: Հայաստանն ասում էր՝ միջանցքային տրամաբանություն չի լինելու, բոլոր ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, բայց մենք որեւէ ապաշրջափակման խոստում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից չենք տեսնում»,- արձանագրում է ընդդիմադիր պատգամավորը:
Վաշինգտոնյան հռչակագրի արձանագրումներն ու հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը փաստացի հաստատեցին բոլոր մտահոգությունները, որ այս ամբողջ ընթացքում հնչում էին ընդդիմադիրների կողմից:
Կատարելով Բաքվի բոլոր նախապայմանները՝ Նիկոլ Փաշինյանը ստացավ թղթի կտոր, որը, ինչպես մեր զրուցակիցն է ասում, դարձնելու է Քաջ Նազարի դրոշակը՝ սպասվող ընտրություններից առաջ, թե տեսեք, նախաստորագրել ենք, հիմա թողեք, որ «խաղաղությունն» անշրջելի լինի:
«Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է եւ դրա համար էլ Փաշինյանից նոր զիջումներ է կորզում, որոնք նա պատրաստ է կատարել: Այստեղ Ալիեւի եւ Փաշինյանի շահերը համընկնում են՝ Ալիեւին պետք է, որ Հայաստանը լինի խամաճիկային պետություն, Փաշինյանը համաձայն է նրան, որ ինքն իշխի այդ խամաճիկային պետության մեջ, եւ պատահական չէ, որ Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ թույլ չեն տա Հայաստանում, այսպես կոչված, ռեւանշիստական ուժերի վերադարձ, մասնավորապես, հունիսի 30-ին Ադրբեջանի ՊՆ-ի հետ շատ սերտ կապված caliber.az կայքի հոդվածը: Ի դեպ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի 8-րդ կետում դրույթ կա, որով պետությունները պայքարելու են ատելության, ազգային թշնամանքի տարածման եւ դիմացի երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող ուժերի դեմ:
Ակներեւաբար, Ադրբեջանը համարում է, որ ցանկացած ուժ, կազմակերպություն կամ մարդ, որը խոսում է Արցախի ու արցախահայության իրավունքների մասին, տարածքային նկրտումներ ունի Ադրբեջանի դեմ: Այդ հոդվածը հնարավորություն է տալիս Փաշինյանին՝ ռեպրեսիաներ ու տեռոր սկսել այն ուժերի դեմ, որոնք կխոսեն արցախցիների հավաքական իրավունքների, գերիների ազատ արձակման մասին: Սա Ալիեւի եւս մեկ հաղթանակն է»,- ասում է Արթուր Խաչատրյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այդ փաստաթղթերով ԱՄՆ-ն, Ադրբեջանն ու Փաշինյանը՝ անձամբ, շահում են, բայց կորցնում է Հայաստանը: Բաքուն ստացավ նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի ուծարումը եւ այն, ինչի համար պայքարում էր 33 տարի շարունակ՝ ԱՄՆ-ն վերացնում է Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւը, որն արգելում էր ԱՄՆ-ին Ադրբեջանին ուղիղ ռազմական աջակցություն ցուցաբերել:
Արթուր Խաչատրյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ փաստաթուղթը նախաստորագրված է եւ իրավական ուժ չունի: Նրա կարծիքով, Ադրբեջանը վերջնական փաստաթուղթը կարող է ստորագրել Հայաստանում սպասվող ընտրություններից առաջ՝ լինեն դրանք արտահերթ, թե հերթական, իսկ մինչ այդ հավելյալ զիջումներ կպահանջի. «Դա Սահմանադրության փոփոխությունն է, չեմ բացառում, որ պահանջի արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցների ու ռազմաքաղաքական ղեկավարների արտահանձնումն Ադրբեջանին կամ, օրինակ, Ղարաբաղի հարցով միջազգային տրիբունալի ստեղծում, որը կդատի հայ հերոսներին: Ադրբեջանը նախաստորագրման դիմաց այդքան ձեռքբերումներ ունեցավ, ստորագրելու գինը կլինի էլ ավելի բարձր: Կպահանջեն նաեւ ադրբեջանցիների վերադարձ, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջան»:
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական շահերին, ստեղծված իրավիճակում Խաչատրյանն ակնհայտ է համարում տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացումը՝ Նահանգները վերահսկելու է ռազմավարական կարեւորագույն նշանակության ճանապարհը, ինչով ազդելու է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի ու Ռուսաստանի վրա: «ԱՄՆ-ն վերահսկելու է մի ճանապարհ, որը թյուրքական պետություններն իրար է կապելու, այսինքն՝ Բոսֆորից մինչեւ Չինաստանի արեւմուտք՝ մի ճանապարհ, որը դուրս է գալու կենտրոնական ասիական պետություններ ու Հարավային Կովկաս, եւ, ինչպես Ֆորբսն էր վերջերս հրապարակել, 50 միլիարդ արժողությամբ էներգետիկ շուկաներ: Իրանն իր սահմանների վրա ունենալու է ամերիկյան ներկայացվածություն, Իրանը ձգտում էր թույլ չտալ, որ թյուրքական պետությունները ցամաքային կապով կապվեն իրար, դա ձախողվեց, եւ չեմ բացառում, որ նաեւ այս տարածաշրջանում՝ Ադրբեջանում, տեղակայվեն իսրայելական ռազմական հենակետեր, որովհետեւ խոսվեց նաեւ Աբրահամյան համաձայնագրերին Ադրբեջանի միանալու մասին: Կարծում եմ՝ դա դեռեւս օրակարգային է, եւ Իրանը լուրջ խնդիրների կարող է առնչվել»,- կարծիք է հայտնում պատգամավորը՝ շեշտելով, որ կատարվողը լուրջ աշխարհաքաղաքական հարված է նաեւ Ռուսաստանի շահերին:
Փաշինյանի հեռախոսային խոսակցություններն այս երկրների ղեկավարների հետ, ըստ մեր զրուցակցի, փորձ է՝ ցույց տալ, որ ռուսական ու իրանական շահին ոչինչ չի սպառնում: Իսկ գլխավոր հարցի պատասխանը՝ ինչ անել, երբ բոլորի շահերը հաշվի են առնված, իսկ հայկական շահը բացակայում է, ընդդիմադիր պատգամավորը միանշանակ ասում է՝ պետք է հասնել Փաշինյանի հեռացմանը:
«Երբ 2021թ․ Փաշինյանը խաբեությամբ տիրացավ իշխանությանը, մենք պայքարել ենք նրա դեմ, փորձել ենք ցույց տալ, թե նրա քաղաքականությունն ինչի առաջ կկանգնեցնի Հայաստանը, շատերը չէին հավատում, բայց կարծում եմ, այժմ այդ թերահավատների համար էլ է ակնհայտ, որ որեւէ դրական բան նրանից ակնկալել հնարավոր չէ, ուստի, լուծումը ժողովրդին մոբիլիզացնելն է եւ խորհրդարանական ու ժողովրդական ճնշման արդյունքում Փաշինյանին տուն ուղարկելը: Ժողովուրդն ընդվզելու եւ չարգելված բոլոր միջոցներով իշխանություններին տուն ուղարկելու բոլոր իրավունքներն ունի: Սա է իրականությունը»,- եզրափակում է Արթուր Խաչատրյանը:
Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երկու նոր տուն է ձեռք բերել
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար