19/08/2025

Գերիների հաստատված ցանկն այլ է, այդ ցուցակը բենզինի հրդեհից անհետ կորածներինն է․ Բեգլարյան

«Պարզվում է, որ համացանցում տարածված ցուցակը ամերիկացի ավետարանական հովիվ Ջոել Թենիի այս բաց նամակից է վերցված:

Այս ցուցակը բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց ցուցակն է, որը Թենիին են փոխանցել նրանց հարազատները: Անհետ կորած մեր այս հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ տարբեր հարազատներ ունեն ապացույցներ, ըստ որոնց՝ ոմանք կարող են գերության մեջ լինել Ադրբեջանում:

Եվ այդ ապացույցները նրանք ներկայացրել են ՀՀ պետական լիազոր մարմիններին: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ուստի, կարևոր է, որ պետական մարմինները պատշաճ կերպով զբաղվեն նաև այս անհետ կորածների ճակատագրերի պարզմամբ՝ հիմք ընդունելով նաև եղած ապացույցները: Յուրաքանչյուր գերի պետք է վերադարձվի, իսկ անհետ կորածի ճակատագիր՝ պարզվի:

Միևնույն ժամանակ կարևոր է հստակեցնել, որ գերիների հաստատված ցանկն այլ է, որը ես երեկ հրապարակեցի՝ շփոթից խուսափելու համար: Բայց դա չի նշանակում, որ իրականում ավելի շատ գերի չի կարող լինել Ադրբեջանում, և շուրջ 80 նման հայի վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գերեվարումը»,- նշել է նա: