Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ընդունել է Սիրիայի կառավարական պատվիրակությանը, որի կազմում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ ալ-Շաբանին և Աբու Կասրան, ինչպես նաև հետախուզության պետ Սալամեն:
Հանդիպումն անցել է փակ ռեժիմով՝ Թուրքիայի ԱԳՆ նստավայրում:
Թուրքական մամուլն առայժմ այդ բանակցությունների մասին որևէ հավելյալ տեղեկություն չի հայտնում: Ուշագրավ է, որ մոտ երկու շաբաթ առաջ Սիրիայի պաշտոնական պատվիրակությունը նույն կազմով այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել ինչպես ԱԳՆ-ում և պաշտպանության նախարարությունում, այնպես էլ Կրեմլում:
Ռուս-սիրիական բանակցությունների վերաբերյալ տեղեկատվական ֆոնը հիմնականում ձեւավորված էր այն վարկածի վրա, որ Դամասկոսը Մոսկվայից «պահանջում է արտահանձնել նախկին նախագահ Ասադին, վերադարձնել Ռուսաստան տեղափոխած ակտիվները, ինչպես նաև փոխհատուցել Տարտուսի և Հմեյմիմի ռազմակայանների պահպանության համար սիրական կողմի կատարած ծախսերը»:
Հետագա տեղեկությունները, սակայն, սկզբունքորեն այլ պատկեր են ստեղծում: Մասնավորապես, տեղեկություն է տարածվել, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ նախագահին «համոզել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպատակահարմար է»:
Նաթանյահուի այս «մեծահոգությունը» փորձագետները բացատրում են նրանով, որ Իսրայելը «խիստ մտահոգված է, որ ռուսների հեռանալուց հետո նրանց տեղը կզբաղեցնի Թուրքիան, իսկ դա Երուսաղեմում գնահատում են հրեական պետությանն ուղղակի սպառնալիք»:
Իրավիճակին հավելյալ ինտրիգ է հաղորդել նոր տեղեկությունը, որ մի քանի օր առաջ Սիրիայում ՌԴ «ռազմական ոստիկանության ուժերը վերսկսել են իսրայելա-սիրիական սահմանի պարեկությունը»:
Արաբական աղբյուրները վստահաբար պնդում են, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել սիրիական պատվիրակության Մոսկվա այցի ընթացքում:
Նույն շրջանակներն, ինչպես իսրայելական լրատվամիջոցներն են մեջբերում, վստահ են, որ իսրայելա-սիրիական սահմանին ռուսական պարեկության հարցը քննարկվել և հավանության է արժանացել Պուտին-Նաթանյահու վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկություն են անում Սիրիայի հյուսիսում, Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Կամիշլիում և հարավում՝ Գոլանի բարձունքներին հարող «բուֆերային գոտում»:
Երկու դեպքում էլ Սիրիայում ռուսական ռազմական ոստիկանության կարգախմբերի պարեկության վերսկսումը շոշափում է այդ երկրում Թուրքիայի արմատական շահերը: Անկարայի համար թե Կամիշլիում, թե Գոլանի բարձունքների «բուֆերային գոտում» ռուսական ռազմական ներկայությունը, մեղմ ասած, խնդրահարույց է:
Տպավորություն է, որ Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահ ալ-Շարաային «մրցագորգ է հրավիրել», որպեսզի Ռուսաստանի և նրա միջոցով Իսրայելի հետ «սեպարատ համաձայնությունների» համար բացատրություն ստանա:
Բարդ է ասել, թե պաշտոնական Դամասկոսն ի՞նչ ընկալունակություն կցուցաբերի: Դիտարկվում է, կարծես, որ ալ-Շարաան միջազգային աջակցություն ապահովելու միջոցով փորձում է հաղթահարել Էրդողանի «խամաճիկի բարդույթը»:
Որքանով կհաջողի կամ կձախողի նա՝ այլ խնդիր է:
Բաց մի թողեք
Պատրաստ ենք շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ Ուկրաինայում չի դադարեցվել արյունահեղությունը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
Թուրքիան ընկղմվում է նոր պատերազմի մեջ, ինչ սպասել տարածաշրջանում՝ մեզ համար
Վերադարձ դեպի Երկնավոր Հայրը. Պետք է դադարել գուշակել, թե ինչպես կամ ինչ կլինի