«Հայաստանի և Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում խաղաղության հռչակագրի ստորագրումը ցնցել է հետխորհրդային տարածությունը և ցույց տվել, որ նրա հետագա վերակազմավորումը թե աշխարհագրական, թե աշխարհաքաղաքականության տեսանկյունից շարունակվում է:
Այդ է վկայում Դոնալդ Թրամփի խաղաղարար հաջողությամբ ԱՊՀ երկրների հետաքրքրվածությունը»,- գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Պարբերականն առաջին տեղում ընդգծում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գնահատականը, որ «խաղաղության կարևոր համաձայնագրի կնքումը տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջան է բացում», իսկ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի բավական ընդգրկուն արձագանքից առանձնացրել է այն միտքը, «հռչակագիրը Հարավային Կովկասում միջազգային ընդգրկուն համագործակցության ճանապարհ է բացում»:
Ռուսաստանյան լրատվամիջոցը մեջբերում է Ուզբեկստանի ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի «Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղության և կայունության հաստատումը տրանսպորտային և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի գործարկման ճանապարհ կբացի՝ ի նպաստ ընդարձակ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների», իսկ Մոլդովայում մեծ հույսեր են կապում Մերձդնեստրի խնդիրը Միացյալ Նահանգների միջնորդությամբ լուծելու հետ:
Ղազախստանցի քաղաքական վերլուծաբան Սագիթ Բաքիրովն ընդգծել է, որ խաղաղության հաստատմամբ շահում են ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլև ԱՊՀ բոլոր երկրները: Նա վստահ է, որ Ղազախստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների համար Միջին միջանցքի զարգացման ավելի նպաստավոր հեռանկարներ են ի հայտ գալիս:
«Դա վկայում է, որ Վաշինգտոնը ներգրավվում է եվրասիական ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ անվտանգային հարվերին, ԱՊՀ երկրների համար մանևրի մեծ տարածություն է ստեղծվում, բացահայտվում է գործընկերների և համագործակցության ձևաչափերի ընդտրության նոր հնարավորություն»:
Այս կետում «Նեզավիսիմայա գազետա»-ի հարաբերական չեզոքության պաշարներն սպառվում են , և սկսվում է նենգափոխումը: Ռուսաստանյան պարբերականը նախ վերստին գործածում է «Զանգեզուրի միջանցք» անվանումը, որից նույնիսկ մի քանի ադրբեջանական լրատվամիջոցներ են հրաժարվել, ապա պնդում, որ «նրա նկատմամբ վերահսկողությունը հանձնվել է ԱՄՆ-ին», ապա անցնում Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի «բարդ իրավիճակում հայտնվելուն», քանի որ, ըստ մոսկովյան կանխավարկի, «նրան հարկ կլինի հարևանություն անել ՆԱՏՕ-ի հետ»:
Ի վերջո, ռուսաստանյան լրատվամիջոցը պնդում է, որ «Թրամփի երթուղու» գործարկմամբ «ԵԱՏՄ-Իրան ցամաքային ցամաքային սահմանը կհայտնվի շրջափակման մեջ», և Վաշինգտոնի խաղաղության հռչակագիրն «ավելի շուտ կդնի Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխության սկիզբը»:
Հեղինակի գնահատմամբ՝ գործընթացին Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունը և Սպիտակ տանը համաձայնագրի ստորագրումը «ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը հաջողությամբ մտել է մի գոտի, որտեղ նախկինում դոմինանտ էր Ռուսաստանը:
Այդուհանդերձ, «Նեզավիսիմայա գազետա»-ն գնահատում է, որ ստորագրված հռչակագիրը պարտադիր չէ, իսկ նախաստորագրումն «իրավական ուժ չունի», բայց Հարավային Կովկասում դրանց ազդեցությունը «շոշափելի կլինի, այժմ ԱՊՀ մի շարք երկրներ ողջունում են Միացյալ Նահանգների նման «խաղացողի մուտքը Հարավային Կովկաս, այսինքն՝ ԱՊՀ տարածք և կարելի է ենթադրել, որ ԱՊՀ-ն և ԵԱՏՄՆ փոխվելու են»,- կարծիք է հայտնում ռուսաստանցի մեկնաբանը և ամփոփոում, որ Ալյասկայում առաջիկա ուրբաթ կայանալիք Թրամփ-Պուտին հանդիպումն «արդեն իսկ ինչ-որ բան կպարզի, համենայն դեպս հասկանալի կդառնա, թե ինչ կարելի է սպասել ուկրաինական ճակատում և միջազգային կառույցների խաղաղ դաշտում, որտեղ այսօր գտնվում է Ռուսաստանը:
Բոլոր արձագանքների մեջ ամենահետաքրքրականը, թերևս, Միլիի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիևայի սոցանցային գրառումն է, որտեղ նա Իլհամ Ալիևին խորհուրդ է տալիս հետևել Թուրքիայի նախկին նախագահ Իսմեթ Ինենյուի օրինակին և վճռական ու վերջնական ընտրություն կատարել հօգուտ Արևմուտքի. «Թե չէ մեր զավակներն ինչու՞ պիտի հանուն այնտեղ ФСБ-ի զինվորներ կանգնեցնելու ծրագրի Հայաստանի դեմ պատերազմեն և զոհվեն»: Դա բարի ցանկություն է, բայց Ալյասկայում կարող են անակնկալներ լինել:
Բաց մի թողեք
Արևմտյան ղեկավարները Պուտինին առաջարկում են «ոսկե միջին» գտնել
Ռուսաստանը զիջումների է գնացել 5 շրջանների համար. Զելենսկիի հետ կքննարկվի տարածքների հարցը. Ուիթքոֆ
«Թրամփն ասել է, Թրամփը կանի» մտայնությունը, կամ՝ Ալիևի «մոսկովյան շրջադարձը»