18/08/2025

Տնօրենը կստուգի՝ ուսուցիչը կամավոր ատեստավորման չհաղթահարման նախադեպ ունեցել է

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հայտագրումը, որը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 30-ը։ ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանի գնահատմամբ, այս տարի, ըստ նախնական տվյալների եւ վերլուծությունների, նկատվում է ուսուցիչների մեծ հետաքրքրվածություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը։

Գործընթացն այս տարի էլ կկազմակերպվի էլեկտրոնային ձեւաչափով։ Ներկայում կահավորվում են քննական կենտրոնները, որոնք կհագեցվեն համակարգիչներով, տեսախցիկներով եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Բացառություն են կազմում ազգային փոքրամասնությունների առարկաները, որոնցից ատեստավորումները կանցկացվեն թղթային ձեւաչափով՝ հաշվի առնելով մասնակիցների փոքր թիվը (մինչեւ 5-6 հոգի՝ յուրաքանչյուր առարկայից)։

Այս տարի առաջին անգամ կիրականացվի նաեւ հոգեբանների կամավոր ատեստավորում: Կամավոր ատեստավորման քննությունները տեղի կունենան նոյեմբերին։ Ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին։ Ա. Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարի ապահովվել է բոլոր առարկաների առաջադրանքների քանակի եւ տեսակների համաչափություն, արդեն հասանելի են նաեւ առարկայական ուղեցույցները: Նա վստահեցրել է, որ որոշ առարկաներին առնչվող խնդիրներն ու բողոքները քննարկվել եւ կարգավորվել են ուսուցիչների հետ անհատական հանդիպումներում։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հրապարակվեցին կամավոր ատեստավորման թեստերի լրամշակված ուղեցույցները, որոնց հետ կապված՝ դասվարները սոցիալական տարբեր հարթակներում, նախարարության էջում շարադրել էին իրենց մտահոգություններն ու դժգոհությունները։

Ու չնայած այն բանին, որ ԿԳՄՍ նախարարը նշել էր, որ կառավարության հաստատած՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է վերլուծության, ուսուցիչների առաջարկների հիման վրա, իսկ լրամշակված ուղեցույցներն էլ օգտակար կլինեն ուսուցիչների համար, բայց ուսուցիչների դժգոհությունն այնքան մեծ էր, որ պահանջել էին՝ գոնե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կար նախորդ տարվա թեստերում։

Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորումը երկրորդ տարին չհաղթահարած ուսուցիչներին, ապա նրանք չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը դպրոցում. «Թե՛ «Հանրակրթության մասին» օրենքով, թե՛ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով արձանագրված է, որ բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը դպրոցում: Բնականաբար, նոր մրցույթների էլ մասնակցել չեն կարող, որովհետեւ մրցույթի կարգում էլ է նշված, որ մրցույթի դիմելու դեպքում տնօրենը պիտի ստուգի՝ այդ ուսուցիչը կամավոր ատեստավորման չհաղթահարման նախադեպ ունեցե՞լ է, թե՞ ոչ»: