Վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ իշխանությունները տարածաշրջանի, եւ ոչ միայն, խաղացողներին համոզելու գործին են լծվել, որ Թրամփի ճանապարհից օգտվելու են նաեւ նրանք, եւ որ դա նրանց իմացած միջանցքը չէ։
Հրապարակ թերթը գրել է․ Հայաստանի ժողովրդին քարոզչական հիպնոսի ենթարկելուն զուգահեռ, իշխանական քարոզչամեքենան արդեն քանի օր է՝ լծվել է հատկապես Իրանին, ինչպես նաեւ Ռուսաստանին «կտեր տալու» գործին։ Հիշենք, որ Վաշինգտոնից վերադառնալուն պես Փաշինյանը մեկ օրվա ընթացքում յոթ հեռախոսազրույց ունեցավ` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Թուրքիայի նախագահ Էրդողանի, Ղազախստանի նախագահ Տոկաեւի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Վրաստանի վարչապետ Կոբախիձեի, Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իր ղեկավարից հետ չմնաց նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն էլ խոսել է Սերգեյ Լավրովի ու Աբաս Արաղչիի, ինչպես նաեւ Եվրամիության դիվանագիտության ներկայացուցիչ Կայա Կալլասի ու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Գրեթե բոլոր հեռախոսազրույցներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի նախաստորագրումը, համոզմունք է հայտնել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների համար»։ Նկատենք, որ ռուսական կողմի տարածած հաղորդագրությունը տարբերվում է հայկական կողմի տարածածից, նախ ընդգծել էին՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, Վլադիմիր Պուտինը նշել է Երեւանի եւ Բաքվի միջեւ կայուն խաղաղություն ապահովելու ջանքերի կարեւորությունը։ «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու 2020-2022 թթ․ ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին, հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- նշված է հաղորդագրությունում։ Այսինքն՝ Պուտինը Փաշինյանին ուղիղ ասել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումները չեն կարող գերակայել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո ընդունված հայտարարությունների նկատմամբ։
Պաշտոնական Թեհրանը դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել, Զանգեզուրի միջանցքին դեմ արտահայտվող մեր բնական դաշնակից Իրանի նախագահի եռօրյա այց է նախատեսված օգոստոսի 18-21-ը, որի նպատակը, բնականաբար, ստորագրված համաձայնագրի մասնրամասներին ծանոթանալն է եւ որոշակի հարցերի ճշգրտումը։ Այդուհանդերձ, Փաշինյանն ու իր խմբակը շարունակում են հաշիվ տալու եւ համոզելու մարաթոնը։ Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էր Հանրայինի եթերում Իրանի պաշտոնյաներին համոզում, որ ճանապարհն իրենց միայն օգուտ է բերելու, իսկ երեկ հրապարակվեց Փաշինյանի հարցազրույցը Fox News-ին, որտեղ հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար. «Երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա երկաթուղով Պարսից ծոցից հասնել Սեւ ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջեւ»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Եթե կենտրոնանանք համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, այլեւ Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարեւոր օգուտներ։ Հիմա Հարավային Կովկասից Իրանը Ռուսաստանին կապող երկաթուղի չկա, ուստի ես դա համարում եմ շատ կարեւոր համաձայնագիր, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրներին, ինչպես նաեւ՝ ամբողջ միջազգային հանրությանը՝ միջազգային կայունության եւ անվտանգության շրջանակում։ Ես արդեն նշեցի, որ մենք ունենք մի նախագիծ, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», եւ, իսկապես, այդ համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության խաչմերուկ, եւ հենց դա է մեր նպատակը»։
Իրանը չի հավատում ՀՀ իշխանությունների բանավոր հավաստիացումներին, քանի դեռ ճանապարհը չի գործարկվել, իսկ համաձայնագրի որոշ ձեւակերպումներ կասկածի տեղիք են տալիս, որ այն միջանցք է։ Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին կարծում է, որ անգամ նախագահ Մասուդ Փեզեշքիանի` Հայաստան այցի ընթացքում գուցե չպարզաբանվեն այդ հարցերը, քանի դեռ ճանապարհը չի գործարկվել, իսկ իրենց աչքի առջեւ ունեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը հետագայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց․ «Պետք է այդ ծրագիրն իրագործվի, որ հասկանալի դառնա` ինչի հետ գործ ունենք։ Եթե գործ ունենք միջանցքի եւ Հայաստանի սուվերենության խախտման, տարածքային ամբողջականության խախտման եւ ՀՀ-ի՝ իր ճանապարհի վրա հսկողության բացակայության հետ, ապա դա Իրանի համար կարմիր գիծ է, որի մասին միշտ է հայտարարել, եւ կլինի կոշտ դիմադրություն, ու թույլ չի տա, որ այդ ծրագիրը կյանքի կոչվի»։ Իշխանությունների հավաստիացումները, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, եւ համաձայնագրում արված ձեւակերպումը՝ հաղորդակցությունների բացում` «հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա», քաղաքագետի խոսքով, դեռ երաշխիք չեն, որ միջանցք չի լինելու․ «Նույն այդ կետում կա ձեւակերպում՝ անխոչընդոտ հաղորդակցության մասին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ադրբեջանցիները մաքսային հսկողության չեն ենթարկվելու, մենք տեսել ենք, թե Իլհամ Ալիեւն ինչպես է կարողանում գրված բաները նենգափոխել, գուցե այս դեպքում էլ է պահանջ դրվելու, որ ճանապարհին ո՛չ ռեժիմ է գործելու, ո՛չ էլ սահմանապահներ, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթին տրվեց այլ մեկնաբանություն։ Եթե անխոչընդոտ է, ուրեմն խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Իրան-Հայաստան կապն է խանգարվելու, որովհետեւ, եթե Հայաստանը չի վերահսկելու իր ճանապարհները, եւ դա անելու են այլ ուժեր, ապա կնշանակի գեոպոլիտիկ փոփոխություն, սահմանների խախտում։ Բացի այդ՝ մենք չգիտենք, թե ամերիկյան ընկերության հետեւում ովքեր են, ովքեր են լինելու բաժնետերերը, աշխատողներն ովքեր են լինելու, գուցե ամերիկյան զինվորականներից ու հատուկ ծառայությունների՞ց են աշխատողներ բերելու։ Մենք այս եւ նման այլ հարցերի պատասխաններ չգիտենք, այդ պատճառով էլ Իրանը խորապես մտահոգված է այս հարցերով։ Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ինքնին շահերի բախում եւ հակասություններ կարող է առաջացնել, ինչը հետագայում բախումներ եւ խնդիրներ կարող է առաջացնել։ Հայաստանը փորձում է, իհարկե, պարզաբանումներ տալ, բայց ժամանակի ընթացքում կպարզվի՝ դրանք այդպե՞ս են, թե՞ ոչ։ Կրկնում եմ՝ եթե միջանցք, մենք դեմ ենք, բայց եթե իսկապես ապաշրջափակված ճանապարհ` դեմ չենք, իրական ապաշրջափակումը, այո, կարող է օգուտ լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար»։
Տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը, քաղաքագետի խոսքով, 2020 թվականի պատերազմով արդեն իսկ փլուզվել է, իսկ միջանցքն աղետաբեր է լինելու․ «2020 թվականին անվտանգության ճարտարապետության փլուզումից հետո տարածաշրջանում առանց այն էլ լրջագույն խնդիրներ են ի հայտ եկել, ուժային բալանսը խախտվել է հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Իրանի մրցակից Թուրքիայի ազդեցությունը մեծացել է, եթե Իրանի դիրքերն ամուր լինեն, ապա դա միայն զսպող գործոն է լինելու Հայաստանի օգտին, որպեսզի այլ երկրների շահերն այստեղ առաջ չմղվեն»։
Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար