18/08/2025

Իրանում Թրամփի միջանցքի մասին կարծիքները բաժանվում են 3 մասի

«Հրապարակի» զրուցակիցն իրանագետ Էմմա Բեգիջանյանն է:

– Թրամփ-Փաշինյան-Ալիեւ եռակողմ համաձայնագրի կնքումից, Սյունիքից 99 տարով տարածք վարձակալելու եւ Թրամփի միջանցքի մասին որոշումներից հետո Իրանում ի՞նչ տրամադրություններ են իշխում: Ասում են, որ իրանական մամուլը հեղեղված է նահագահ Փեզեշկիանի քննադատություններով, քանի որ նա մեղմ է արտահայտվել եռակողմ համաձայնագրի մասին: Ի՞նչ է գրում իրանական մամուլը, ի՞նչ են մտածում Իրանի քաղաքական ուժերը:

– Իրանում տարբեր կարծիքներ են հնչում այս մասին: Սովորաբար բոլոր հարցերում է այդպես, քանի որ Իրանի իշխանությունները միատարր չեն: Կառավարությունն ունի իր տեսակետը, հոգեւոր առաջնորդը` իր կարծիքը, ռազմական գործիչները` իրենց կարծիքը: Կարծիքները բաժանվում են հենց այդպես` երեք մասի: Վերլուծաբաններն էլ ունեն իրենց կարծիքը: Դրանք էլ շատ տարբեր են, մեկը բացասական կարծիք ունի, մյուսը` դրական: Կան վերլուծաբաններ, ովքեր այս ամենն աղետալի են համարում, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք գրում են, որ այս ամենը մեծ հարված է նաեւ Թուրքիային, քանի որ Թուրքիան չի կարող միավորել թուրքական աշխարհը, քանի որ կա Իրան: Կան նաեւ կարծիքներ, որ սա մեծ սպառնալիք է ոչ միայն իր աշխարհաքաղաքական հետեւանքներով, այլեւ` թուրք-ադրբեջանական կողմի տարածքային հավակնություններով: Կան նաեւ կարծիքներ, որ եթե Իրանի տարածքները պահպանվում են, ապա ոչ մի գործողություն էլ չպետք է անել, սակայն միեւնույն ժամանակ տեսնում են վտանգներ եւ պնդում, որ պետք է ժամանակը խելամիտ օգտագործել եւ ամեն բան անել, որպեսզի Իրանի շահերը չտուժեն: Կան նաեւ շատ խիստ տեսակետներ, որ այս ամենի դեմը պետք է առնել: Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու կրոնական առաջնորդը պնդում են, որ պետք է կտրուկ գործողություններ կատարել:

– Այնուամենայնիվ, գերակշռող տեսակետները դրակա՞ն են, թե՞ բացասական:

– Հստակ ասելը բարդ է, սակայն այս պահին մի բան պարզ է` Իրանը պատրաստ չէ ամեն րոպե Իսրայելի հետ պատերազմի մեջ մտնել: Եթե Իրանն այս պահին ավելի խիստ դիրքորոշում ընդունի եւ ավելի կտրուկ ու միանշանակ հայտարարություններ անի, այն կարող է Թուրքիայի հետ բախումներ առաջացնել, ինչն այս պահին Իրանի շահերից չի բխում:

– Իրանական մամուլն այդքան ազա՞տ է, որ իշխանություններին բացահայտ քննադատում են:

– Իրանական մամուլն ազատ է: Հայաստանում շատ սխալ տպավորություն կա Իրանի ազատ մամուլի մասին: Այնտեղ կան քաղաքական տարբեր թեւեր` տարբեր գաղափարախոսություններով, ուստի կա նաեւ ազատ մամուլ: Օրինակ` Իրանի նախագահ Փեզեշկիանին շատ-շատ են այս օրերին քննադատում` իր դիրքորոշման համար:

– Ինչո՞ւ են քննադատում:

– Ես նրան վաղուց եմ ճանաչում, երբ նա նախագահական հայտ ներկայացրեց, արդեն իսկ ինձ ծանոթ էր` պատգամավորական ժամանակներից: Նա դեռ պատգամավոր եղած ժամանակ համաթուրքական հակումներ ուներ:

Ասեմ ավելին` նրա որդին համացանցում շատ ակտիվ է եւ խիստ համաթուրքական, Ադրբեջանին սատարող ու պաշտպանող գրառումներ է անում, ինչի համար մեծ քննադատությունների է արժանացել:

Բայց ասեմ, որ ամեն ինչ պայմանավորված է նաեւ պատերազմական վիճակով: Ամեն րոպե Իսրայելը կարող է հարձակվել Իրանի վրա, իսկ Իրանը չի կարող տնտեսական նման սահմանափակումներով բախումների մեջ մտնել նաեւ երկրորդ ճակատի` Թուրքիայի հետ:

Այդ պատճառով էլ Իրանի կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունն ունեն այլ դիրքորոշում` ավելի մեղմ, քան մյուսներինն է: