18/08/2025

ՃՏՊ-ներ․ Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում, գլխիվայր շրջվել է. կան տուժածներ․ Լուսանկարներ

Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Ջիպ» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի խաչմերուկում «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Տիգրան Սաֆարյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են «Միթսուբիշի»-ի վարորդի և վիրավորների ինքնությունները։