Արդարություն հաստատելու ու «թալանը հետ բերելու» լոզունգներով դրոշակը երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը վաղուց են վայր դրել ու գուցե մոռացել այդ մասին:
Հրապարակ թերթը գրել է․ Իշխանության քաղցր պտուղներից օգտվելու, իրենց հարմարավետությամբ շրջապատելու ու հպարտ հարկատուների միջոցներից գոյացած բյուջեն սեփական կարիքների համար անխնա մսխելու «նուրբ արվեստը» ՔՊ-ական իշխանությունը շատ արագ յուրացրեց:
Ուրիշների դղյակները քննադատողներն այսօր իրենք են դղյակներ կառուցում, վարկով փոշեկուլ գնողները տնատեր են դարձել, իսկ «պադավատապետության» դեմ պայքարող կառավարության անդամները, ինչպես ժողովուրդը կասեր, լայաղ չեն անում հին մեքենաներով շրջել` նրանց յուղը վրան գերժամանակակից մեքենաներ են պետք:
Կառավարությունը երեկվա նիստում որոշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի համար նոր ավտոմեքենա գնել՝ ոչ ավել, ոչ պակաս, 48 մլն 400 հազար դրամով, որը համարժեք է 125 հազար դոլարի:
Պարզվում է, նրան սպասարկող մեքենան մաշված է՝ 2014 թվականի է, ու, ինչպես որոշման հիմնավորման մեջ է նշվում, դարձել է ոչ հուսալի։ Ու քանի որ Արփինե Սարգսյանը՝ որպես ՆԳ նախարար, նաեւ Անվտանգության խորհրդի անդամ է, որոշել են նրա անվտանգության նկատառումներից ելնելով՝ 48 մլն 400 հազար դրամ վերցնել նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից ու մեքենա գնել:
Երբեմնի ընդդիմադիր Փաշինյանը, հիշեցնենք, պնդում էր, որ Հայաստանը «պադավատապետության» է վերածվել, որ առավելագույնը 30-35 ծառայողական մեքենա պետք է լինի երկրում, բայց, ինչպես մյուս բոլոր հարցերում, կյանքն ուրիշ բան ցույց տվեց: Թանկարժեք ամենագնացների համար նրա կառավարությունը միջոցներ չի խնայում մեր աղքատ երկրում, որտեղ բազում սոցիալական խնդիրներ ու անտուն մնացած փախստականներ կան, ի դեպ, Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքով:
Այսպես, 2021-ի նոյեմբերին՝ հետպատերազմական անորոշության ու խնդիրների մեջ թաղված երկրում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար կառավարությունը որոշեց գնել բարձր դասի BMW: Գնումը կատարվեց մեկ անձից գնման ընթացակարգով, հարկատուներին արժեցավ 90 միլիոն դրամ կամ շուրջ 185 հազար դոլար։ Սիմոնյանի գերթանկարժեք մեքենան ուղեկցելու համար էլ հաջորդ տարի՝ 2022-ի ապրիլին, 54 մլն դրամով 3 հատ Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա ձեռք բերվեց՝ էլի մեկ անձից գնումով: Իր մեքենայի շուրջ աղմուկը Ալեն Սիմոնյանն ուռճացված էր համարել ու հայտարարել, որ մեքենան կառավարությունը չի գնել, այլ ձեռք է բերվել ԱԺ բյուջեի խնայված միջոցներով, որը եւս հատկացնում է կառավարությունը ու որը, կրկին շեշտենք, գոյանում է հարկատուների հաշվին:
2022 թվականի հոկտեմբերին, օրինակ, կառավարությունը պետական ավտոպարկից շուրջ 600 չօգտագործվող ավտոմեքենա դուրս բերեց, բայց փոխարենը գնեց 200 նորը՝ էկոնոմ դասի եւ էլեկտրամոբիլ։ 2024-ի հուլիսին, հպարտ հարկատուների հաշվին, Նիկոլ Փաշինյանի եւ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հանձնարարականներով, 1 միլիարդ 38 միլիոն դրամ էր հատկացվել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ նույն թվականի արտադրության 49 հատ Volvo XC90 ամենագնացներ գնելու համար: Մատակարարն «Ավանտգարդ» ընկերությունն էր, որի հետ մի քանի պայմանագիր էր կնքվել:
Որպեսզի ՔԿ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը Hyundai Genesis 3.3 մակնիշի մեքենայով չերթեւեկի, անցած տարվա հուլիսին 125 հազար դոլարանոց Toyota Land Cruiser-300 ամենագնաց գնվեց՝ նույն տարվա արտադրության։ Հիմնավորումը նույն էր, ինչ Արփինե Սարգսյանի համար նախատեսված մեքենայի դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Իսկ Փաշինյանի զրահապատ Mercedes-Benz S դասի ամբողջությամբ զրահապատ մեքենայի արժեքը, ըստ մամուլի տեղեկությունների, 540 հազար դոլարի է հասնում: Նույն տեղեկությունների համաձայն, զրահապատ երկու մեքենա էր գնվել, մեկը՝ Փաշինյանին, մյուսը Աննա Հակոբյանին սպասարկելու համար, որը որեւէ կարգավիճակ չունի: Բացի այդ մեքենան, մամուլը նկատեց նաեւ 145 հազար դոլարանոց Lexus-ը, որով շրջում է Հակոբյանը:
«Այն իշխանությունը, որը եկել էր մարդկանց կյանքը բարելավելու համար, գնում է միայն սեփական կյանքը լավացնելու ճանապարհով: Միայն նախորդ տարի՝ 2024 թվականին, այս իշխանությունը 2,5 միլիարդ դրամի ամբողջությամբ նոր մեքենաներ է ձեռք բերել»,- «Հրապարակ»-ին ասում է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ շեշտելով, որ քննադատություններին տուրք տալով, իշխանությունը կրճատել է սովորական պետական ծառայողների մեքենաների քանակը, այն ծառայողների, որոնք ոչ թանկարժեք մեքենաներն օգտագործում էին, ասենք, ջրագիծ ստուգելու համար:
«Այդ մեքենաները կրճատել են, փոխարենը թանկ մեքենաներ են գնել կառավարության անդամների համար: Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը որ Volvo մեքենայով չերթեւեկեր, կառավարումն «արդյունավետ» չէ՞ր լինելու, կամ նույն Արփինե Սարգսյանը: Իրականում, ավտոպարկը թարմացվել եւ համալրվել է ամբողջությամբ նոր թանկարժեք մեքենաներով, որոնք հիմնականում սպասարկում են իրենց քաղաքական թիմին»,- ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը:
Բաց մի թողեք
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները
Արսեն Թորոսյանի ընկերը, ով բժշկի քիթ էր կոտրել, ընդդիմադիր է դիրքավորվում․ Լուսանկար
Իրականության խեղաթյուրում․ վարչապետի «համերգային քաղաքականությունը»