18/08/2025

Վաշինգտոնյան նախնական պայմանավորվածությունների դեմ Մոսկվայի թշնամանքը բացահայտ է

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները Վաշինգտոնի երկկողմ և եռակողմ հանդիպումների և նախնական պայմանավորվածությունների առթիվ հայտարարություն են ընդունել:

Բավական երկարաշունչ և հիմնականում «լիրիկական զեղումներով» հագեցած այդ տեքստի ընդհանուր տրամադրվածությունը, մեղմ ասած, վերապահ է:

Արցախցի խորհրդարանականների կարծիքով, Թրամփ-Փաշինյան-Ալիև քաղաքական հռչակագիրը և հայ-ադրբեջանական նախաստորագրված Համաձայնագիրը պետք է անդրադառնային նաև բռնատեղահանվածների վերադարձի իրավունքին և Արցախի պատանդառված ռազմա-քաղաքական ղեկավարության հայրենադարձության խնդիրներին:

Հայտարարությունը նաև անընդունելի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա ինստիտուցիոնալ կառույցների լուծարումը:

Ընդհանուր առմամբ նման դիրքորոշումը, մանավանդ որ դրանում առաջին անգամ Հայաստանի իշխանությունների հասցեին կոշտ վերագրումներ չկան, կարելի է միանգամայն օրինաչափ համարել:

Այլ բան է, թե ինչ քայլեր են հետևելու դրան: Ի մասնավորի, Ազգային ժողովը քաջություն կունենա՞ ԼՂՀ լուծարման մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրը ճանաչել առ ոչինչ, իսկ նրան սահմանադրությունը կոպտորեն ոտնահարելու, լիազորությունները գերազանցելու հանգամանքով հայտարարել պաշտոնանկ:

Ցավոք, ԱԺ խմբակցությունների հայտարարությանը հաջորդած քաղաքական խոսույթը նման լավատեսություն չի ներշնչում, իսկ Ստեփանակերտի քաղէլիտայի մերձավոր շրջապատի տասնյակ անձանց ֆեյսբուքյան գրառումները պարզապես վտանգավոր միտումներ են հուշում:

Վերջին օրերին սոցիալական մեդիայի արցախցի հարյուրավոր օգտատեր գեներացնում են Ռուսաստանի կողմից «Ադրբեջանի դեմ հատուկ ռազմական գործողության անխուսափելիության» թեզը:

Կարելի է վստահաբար ասել, որ նրանք ուղղորդվում են մեկ և միևնույն կենտրոնից և կոչված են տասնյակ հազարավոր մարդկանց ներշնչելու, որ, ի հեճուկս Ռուսաստանի դեմ «Փաշինյան-Ալիև դավադրության», Մոսկվան «վերագնահատել է Արցախի հարցում թույլ տված սխալները և մոտ ժամանակներս կուղղի դրանք»:

Դժվար է այս նարատիվը չտեսնել Ռուսաստանի տարբեր հեռուստաալիքներով տարվող քարոզչության տիրույթում, քանի որ նույնական է անգամ գործածվող բառապաշարը:

Անհասկանալի է մի բան. գործ ունենք Ստեփանակերտի «քաղաքական ակումբի» անվան ցնորամտությա՞ն, թե ծրագրավորված խարդավանքի՞ հետ:

Վաշինգտոնյան նախնական պայմանավորվածությունների դեմ Մոսկվայի թշնամանքը բացահայտ է: Ստեփանակերտի քաղէլիտան միանալո՞ւ է դրան: