16/10/2025

Ես ոչ մի հանցանք չեն գործել մեր պետության առաջ․ Միքայել Սրբազանի կալանքը երկարացվեց 10 օրով

Դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշամբ այսօր 10 օրով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։

Նշենք, որ այսօրվա նիստին Միքայել Սրբազանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել՝ վերացնելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը։

Դատախազը հայտնել էր, որ միջնորդում է կալանքի ժամկետը երկարացնել, պնդելով, թե խոչընդոտման և նոր հանցանք կատարելու հավանականությունը հիմքերը դեռ առկա են։

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

«Ես ոչ մի հանցանք այս պետության առաջ չեմ արել»,- դատարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նա ասաց՝ 50 տարի առաջ եկեղեցական ասպարեզ մտնելով հակառակվել է սովետական հսկայական կայսրությանը, սովետական կայսրությունն իրեն չնստեցրեց։

«1990 թվականի հունվարի 2-ի լույսի 3-ի գիշերն ադրբեջանցիներն ինձ գերեվարեցին, սա շատ քչերը գիտեն։ Ադրբեջանցիները իմանալով, որ ես վերադառնում եմ զոհվածների թաղումից, գերեվարումից կես ժամ անց ինձ բաց թողեցին»,-ասաց Սրբազանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական հաջորդ նիստերը նշանակվել են օգոստոսի 18-ին, 19-ին, 21-ին և 25-ին՝ ժամը 14։00-ին։

Դատարանը նաև հետաձգել է Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթը կասեցնելու միջնորդության քննությունը։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը։

Դատարանի շենքի դիմաց մի քաղաքացի կազմակերպել է ակցիա՝ իր հետ բերելով մեծ փայտե խաչ։ Նա նշել է, որ խաչը խորհրդանշում է հայ ժողովրդի պատմական հաղթանակները և այն նվիրված է բոլոր նրանց, ովքեր զոհվել են դրա համար։ Քաղաքացու խոսքով՝ խաչը հայերի համար հավատքի և միասնության խորհրդանիշ է, իսկ թշնամիների համար այն միշտ ուժի և դիմադրության նշան է։