18/08/2025

Արևմտյան ղեկավարները Պուտինին առաջարկում են «ոսկե միջին» գտնել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Թրամփ-Զելենսկի հանդիպմանն ընդառաջ, որին, ինչպես սպասվում է, կարող են միանալ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Մերցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլան ֆոն դեր Լայենը, լրագրողներին ասել է, որ Սպիտակ տունը ներկայումս փորձում է թշնամական պետությունների դիրքորոշումների միջև «ոսկե միջին» գտնել:

Ռուբիոյի գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը նշանակալիորեն բարդանում է, ռուսները դեռևս հավատում են, որ «իմպուլս կա», իսկ ուկրաինացիները պաշտպանվում են և ռուս զինվորականներին մեծ կորուստներ պատճառում:

Թրամփի պաշտոնամուտից ի վեր առաջին անգամ ԱՄՆ բարձաստիճան պաշտոնյան թույլ է տվել հետախուզական տեղեկություն հրապարակայնացնել: Ռուբիոն ասել է, որ իր կարծիքով՝ միայն անցած մեկ ամսում քսան հազար ռուսաստանցի զինվոր է զոհվել, ուկրաինացիներն ռուսաստանցիներին ահռելի կորուստ են պատճառել:

Ուկրաինայի հարցում առայսօր Վաշինգտոնի հիմնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը հզոր է, նրա հաղթաթղթերի դիմաց Զելենսկին ոչինչ չունի: Ռուբիոն լրագրողների հետ ճեպազրույցում կենտրոնացել է վերջին ամսում Ռուսաստանի կրած կորուստների վրա:

Ամենայն հավանականությամբ՝ այդ շեշտադրումն ունի դիվանագիտական ենթատեքստ և հուշում է, որ Ալյասկայի բանակցություններում ամերիկյան կողմը Պուտինին ներկայացրել է պատերազմի մասին ունեցած հետախուզական այնպիսի տեղեկություններ, որ ի դերև են հանում Մոսկվայի քարոզչությունը:

Այլ կերպ ասած՝ Թրամփը Պուտինին բացահայտ ասել է, որ Կիևը գրավելու և «նացիստական ռեժիմի վերջը տալու» մասին տեղեկատվական արշավը ռեալ քաղաքական ռեժիմում չի աշխատում, Վաշինգտոնը լավատեղյակ է ռազմաճակատի իրավիճակից և Ռուսաստանի հնարավորություններից:

Այդ «նոտայով» խոսակցությունը միանգամայն օրինաչափ է: Ինտրիգային է, որ ԱՄՆ պետքարտուղարն Ալյասկայի «կարմիր ուղեգորգի» գագաթաժողովի այդ, թերևս ամենահիմնական, գաղտնիքը բացահայտում է:

Կարելի է ենթադրել, որ Սպիտակ տանը Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ հանդիպմանն ընդառաջ ավելի խորքային վերլուծության են ենթարկել ուկրաինական կարգավորման «Պուտինի պլանը» և եկել եզրակացության, որ դրանք Ռուսաստանի նախագահին «մի փոքր սեղմելու» հնարավորություն տալիս են:

Ռուբիոն, ըստ էության, Վլադիմիր Պուտինին հորդորում է ավելի լուրջ գնահատել պատերազմը ևս մի քանի ամսով երկարաձգելու հետևանքները:

Եթե ուկրաինական կարգավորման հիմք է ընդունվում ուժային գործոնը, ապա Ռուբիոն պարզապես ակնարկում է, որ Պուտինի ոչ կառուցողականության դեպքում նժարը կարող է լիովին հավասարակշռվել, կամ նույնիսկ թեքվել Ուկրաինայի կողմը, ուստի այսօր ավելի հարմար է իջեցնել նշաձողը:

ԱՄՆ-ը, ինչպես ավելի վաղ միջազգային մամուլն է գրել, առաջարկել է զորքերի շփման գծով հաստատել հրադադար, տարածքային բոլոր հարցերի քննարկումը թողնել ապագային: Առկա իրավիճակում դա, գուցե, կլիներ իրոք «ոսկե միջին»:

Բայց այդ դեպքում Պուտինի կունենա ոչ թե տրիումֆ, այլ կատարյալ ֆիասկո: