18/08/2025

Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել․ տուժել էր մեկ անձ:

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ նշված քաղաքացին մահացել է:

«Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում վատառողջ քաղաքացի կա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին, մարվել՝ 11։38-ին։ Այրվել է ննջասենյակը գույքով (մոտ 20 քմ), և ջերմահարվել են նախասրահի պատերը (մոտ 4 քմ)։

Փրկարարները ծխահարված քաղաքացուն դուրս են բերել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են 1939 թվականին ծնված կնոջ մահը։

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: