18/08/2025

Սա փոխհամաձայնության և փոխշահավետության խաղաղություն է. Փաշինյանն ուղերձ է հղել հանրությանը

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել քաղաքացիներին ուղղված ուղերձով, որում հիմնականում մանրամասնել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների բովանդակությունը և դրա հետևանքները Հայաստանի և տարածաշրջանի համար:

Վարչապետը հայտարարել է, որ ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն, և այդ գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը:

«Մենք՝ երրորդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում․ դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում։

Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանում, և այս փաստը պիտի գիտակցել։

Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն և ինչ տեսք ունի»,- հայտարարել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շահեկանությանը Հայաստանի, տարածաշրջանի, Ադրբեջանի և ԱՄն-ի տեսանկյունից:

Ըստ վարչապետի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը եւ հրապարակումը, Վաշինգտոնյան գագաթնաժողովը, նրա արդյունքները, ընդունված Հռչակագիրը, դրա արդյունքում հաստատված խաղաղությունը բազում շերտեր ունեն, որոնք մի ուղերձում հնարավոր չէ պարզաբանել։

«Խաղաղության իրողությունը դանդաղ է ընկալվում, առաջ են բերում նոր դիտանկյուններ, նոր նրբություններ, նոր եւ հին հարցեր, որոնց համոզված եղեք, առաջիկայում մանրակրկիտ անդրադառնալու որեւէ առիթ բաց չեմ թողնի, ինքս կստեղծեմ այդ առիթները։

Բայց իմ այսօրվա ուղերձի առանցքային ասելիքն այն է, որ Խաղաղությունը եկել է, դա արժանապատիվ, պետականակենտրոն, մարդակենտրոն, տարածաշրջանակենտրոն խաղաղություն է եւ ես առավել քան ոգեւորված եմ այդ փաստից։

Մեր պետության 34–ամյա պատմության մեջ բոլոր արտաքին քաղաքական, դիվանագիտական հանգրվանները մենք սովորաբար դիտարկել ենք հաղթանակ–պարտություն հարթության եւ բանաձեւերի ներքո։ Ամեն անգամ որեւէ դիվանագիտական, արտաքին քաղաքական հարաբերություն հասկանալու մեր փորձերի մեջ ձգտել ենք գնահատել, դա հաղթանա՞կ է, թե պարտություն։

Սիրելի ժողովուրդ, պիտի համարձակվեմ ասել, որ սա իրականության սխալ ըմբռնում է, որովհետեւ եթե դու գտնվում ես հաղթանակի ու պարտության ընտրության միջև, այսինքն՝ քո ընտրությունը կամ հաղթանակն է, կամ պարտությունը, քո պարտությունն անխուսափելի է, քանզի դու կարող ես հաղթել մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, թեկուզ հինգ կամ տասն անգամ, բայց ի վերջո՝ քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ։

Այլ բան է փոխհամաձայնության բանաձեւը, որը հաջողություն է խոստանում համաձայնվող բոլոր կողմերին։ Վաշինգտոնյան համաձայնությունները, ըստ այդմ՝ հաջողություն են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ԱՄՆ–ի համար։ Սա փոխհամաձայնության եւ փոխշահավետության խաղաղություն է, եւ այս բանաձեւը հուսալի, կայուն եւ տեւական է դարձնում խաղաղությունը»,- նշել է ՀՀ վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ հուսալի, կայուն եւ հարատեւ է դառնում նաև մեր պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, իրատեսական է դարռնում բարեկեցությունն ու երջանկությունը, որը բոլոր ռազմավարությունների ռազմավարությունն է, բոլոր երազանքների երազանքը։

«Այս խաղաղությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է, գաղափարախոսություն, որը մեր պատմության մեջ բացառիկ է նրանով, որ ոչ թե բանաձեւվել է էլիտաների կողմից եւ պարտադրվել ժողովրդին, այլ բանաձեւվել է ժողովրդի կողմից, ձեւակերպվել է ժողովրդի ներկայացուցիչների կողմից եւ կյանքի է կոչվում ժողովրդով, բոլորով, ամենքով։

Իրական Հայաստանը խաղաղ տարածաշրջանում եւ իրական աշխարհում. սա մեր պետականության հարատեւության բանաձեւն է»,- հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շրջանակում առարկայական քննադատություններից մեկին այն մասին, թե Խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։

«Այս քննադատությանն ի պատասխան պիտի հիշեցնեմ, որ դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։

Ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»,- նշել է վարչապետը

Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին, ՀՀ վարչապետը հայտնել է՝ մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել է՝ր վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չի համարում։

«Ու ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։

Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք եւ մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս։

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված ուղերձում անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող գերիների հարցին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր են գործադրվել, բայց որքան ձգվել են այդ ջանքերը, հասկացել են, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետոյի հարց է։

«Իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում»,- նշել է վարչապետը:

Նա հավելել է, որ բանակցություններ տարվում են արդեն մի քանի տարի:

«Բանակցությունները սկսվել են 2022թ.-ի գարնանը։ Մենք լրջագույն ջանքեր ենք գործադրել:

Ու դրա արդյունքում է, որ տեքստի շուրջ բանակցություններից ի վեր 58 քաղաքացի վերադարձել է գերությունից․ եթե հարցը մնար խաղաղության պայմանագրին, մեծ հավանականությամբ չէր լինի։ Մենք դիվանագիտական մեծ ջանք ենք գործադրում ներկայումս էլ դրա համար»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը, ուղերձով դիմելով ՀՀ քաղաքացիներին, խոսել է խաղաղության համաձայնագրի և դրա ենթակետերի, տարածաշրջանի և Հայաստանի վրա այդ համաձայնագրի ազդեցության մասին:

Ըստ վարչապետի՝ խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ մեր վերահսկողության ներքո:

«Այս հարցը փոխադարձ լուծում պետք է ստանա սահմանազատման գործընթացում»,- նշել է Փաշինյանը: