«Հայաստանի մարզային առողջապահական համակարգը կանգնած է հերթական «օպտիմալացման» շեմին։ Մարզային ենթակայության հիվանդանոցները մարզպետներից վերցրած և իր կառավարմանը ենթարկած նախարարը հիմա էլ նոր մեգատնօրեններ է ուզում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ (e-draft.am), ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում ստեղծվելու է միասնական բժշկական կենտրոն՝ միաձուլման ճանապարհով կլանելով գործող հիվանդանոցներն ու ծննդատները։
Առաջարկվող փաստաթղթում որպես հիմնավորում նշվում է․ «արդյունավետ կառավարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել յուրաքանչյուր մարզում գործող ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել»։ Միևնույն ժամանակ որոշ մարզերում՝ Կոտայքում, Շիրակում և Գեղարքունիքում, նախատեսվում է նախարարության անմիջական վերահսկողության ներքո վերցնել նաև ծննդատներ, որոնք տարիներ շարունակ եղել են համայնքային առողջապահության հիմնասյուները։
Նախարար Անահիտ Ավանեսյանը իր հարմարավետության համար անհարմարություններ է պատրաստել մարզերի համար: Ի՞նչ է ստացվում․ Եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա կունենանք 10 մարզային բժշկական կենտրոն, որոնք գրեթե լիովին կախված կլինեն նախարարության որոշումներից․
• «Արագածոտնի մարզի բժշկական կենտրոն»
• «Արմավիր մարզի բժշկական կենտրոն»
• «Արարատի մարզի բժշկական կենտրոն»
• «Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոն»
• «Լոռու մարզի բժշկական կենտրոն»
• «Տավուշի մարզի բժշկական կենտրոն»
• «Կոտայքի մարզի բժշկական կենտրոն»
• «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն»
• «Շիրակի մարզի բժշկական կենտրոն»
• «Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոն»
Այսինքն՝ բազմամյա պատմություն ունեցող մարզային հիվանդանոցներն ու ծննդատները դադարելու են որպես ինքնուրույն կառույցներ գործելուց։ Իսկ Երևանը, որպես մարզ, դուրս է մնացել Ավանեսյանի ուշադրությունից՝ թերևս քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ խնդիրներ չունենալու համար:
Իսկ 10 մարզպետները հնազանդ ենթարկվում են: Ո՞ւմ համար է այս «օպտիմալացումը»․ Առողջապահության նախարարությունը փորձում է այն ներկայացնել որպես կառավարման արդյունավետության բարձրացում, բայց իրականում հարց է առաջանում․ արդյո՞ք այս քայլը լուծելու է հիվանդների խնդիրները, թե՞ պարզապես նպաստելու է նախարարության համար ավելի «հարմար» համակարգ ստեղծելուն։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ հարցն առավել վտանգավոր է հատկապես ծննդօգնության ոլորտում․ օրինակ՝ եթե Մարտունու կամ Աբովյանի ծննդատները լուծարվեն և միաձուլվեն «մարզային կենտրոնին», ապա ո՞վ է պատասխան տալու այն կանանց ու նորածինների համար, որոնց կյանքը կախված է ժամերի և երբեմն րոպեների ընթացքում հասանելիք բուժօգնությունից։ Իսկ խոշորացումը բերելու է «խոշոր անպատասխանատվության»: Քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական որոշում:
Ըստ Պողոսյանի՝ օպտիմալացման նախաձեռնությունը հիշեցնում է ոչ թե առողջապահության իրական բարեփոխում, այլ վարչական վերահսկողության ամրապնդման հերթական փորձ։ Մարզային բնակչության համար սա հավասարազոր է բժշկական ծառայությունների մատչելիության կրճատմանն ու անորոշության խորացմանը։
Բժիշկները և համայնքներն արդեն մտահոգված են․ մարզպետարանները շարունակում են լռել, հիվանդանոցների տնօրենները՝ վախվորած հետևել գործընթացին։ Իսկ նախարարությունը շարունակում է ապահովել սեփական կոմֆորտը՝ համակարգը կենտրոնացնելով Երևանի մակարդակում։
Արդյունքում՝ այսօր մարզերում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա․ «օպտիմալացում» բառի տակ թաքնված է ոչ թե որակի բարձրացում, այլ մարզային առողջապահության դանդաղ, բայց հետևողական կազմաքանդում»։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին