17/10/2025

Իրենք Աստծուն կարո՞ղ են հաղթել՝ իհարկե, չեն կարող․ Սահակ վարդապետ Շաքարյան

Օգոստոսի 16-ին Սյունիքի մարզում նշում էին մարզկենտրոնի` Կապան քաղաքի օրը: Բաղաբուրջի հուշահամալիրում Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, հոգեւորականները, մի շարք համայնքների ղեկավարներ եւ ազատագրական պայքարի մասնակիցներ ծաղիկներ դրեցին Արցախյան առաջին, 2016 թ․ ապրիլյան քառօրյա եւ 2020 թ․ 44-օրյա պատերազմներում նահատակվածների շիրիմներին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ։ 

Հրապարակ թերթը գրել է․ Հոգեւորականներից Կապան էր այցելել նաեւ Տաթեւի վանքի վանահայր տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, որը նախկինում իր հոգեւոր ծառայությունն իրականացնում էր Արցախի Գանձասար վանական համալիրում: Լրագրողների հետ զրույցում Սահակ վարդապետն ասաց, որ քաղաքական հարցերին չի ուզում անդրադառնալ, քանի որ բոլորին էլ պարզ է, թե ինչ է կատարվում:

«Բոլորս հավաքվել ենք՝ շնորհավորելու Կապան քաղաքի տոնի առթիվ: Մարտահրավերները բազմաթիվ են, միշտ էլ այդ մարտահրավերները եղել են ու կլինեն: Մենք՝ որպես ազգ, որպես Հայկի սերունդ, պարտավոր ենք համախմբվել: Մենք կարող ենք բոլորին լսել, աշխարհի չորս ծագերից ինչպես են խոսում, ինչ են խոսում, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչն է օգտակար մեր ազգի համար, ինչի շուրջ պիտի համախմբվենք, եւ ինչ մարտահրավերներ կան, որ միայն ու միայն մենք կարող ենք հաղթահարել ազգովի, եթե լինենք միասնական, եթե համախմբվենք գաղափարի շուրջ, ինչպես որ ժամանակին համախմբվել ենք 1988 թվականին՝ Արցախի ազատագրական պայքարի օրերին: Այսօր մարտահրավերները նույնն են, տարբերությունները շատ քիչ են:

Միշտ էլ օտարները չար աչքով եւ նախանձով են նայել հայ ազգին ու ժողովրդին: Եվ այսօր մենք պետք է գիտակցենք, որ միայն ու միայն միասնությամբ կարող ենք հաղթահարել, եւ այսօր մեկտեղվել ենք Կապան քաղաքում, այս սրբազան հողին կանգնած՝ նայում ենք մեր հոգու աչքերով, մեր հոգու քարտեզագրությամբ տեղափոխված Արցախ աշխարհ, որը մենք կորցրել ենք ուղիղ հինգ տարի առաջ: Պատերազմի այդ օրերին այլեւս վճռված էր Արցախի ճակատագիրը»,- ասաց Սահակ վարդապետը:

«Հրապարակի» հարցին, թե արդյոք հասարակության մոտ այդ գիտակցումը՝ միավորման, կա՞, եւ ինչի՞ հաշվին կամ ո՞ւմ շուրջ պետք է տեղի ունենա այդ միավորումը, այս հարցերն են հասարակության լայն շրջանակներում բարձրացվում, հոգեւորականն ասաց, թե պարտադիր չէ, որ հասարակության բոլոր խավերը հասկանան այդ խնդիրներն ամբողջությամբ ու խորությամբ:

«Հասարակության մի շերտ կա, եթե դա հասկանա, ընկալի, դա բավական է, որպեսզի կարողանանք այս հարցերը լուծել: Ես ուզում եմ վստահեցնել, որ այս բոլոր հարցերը լուծելի են, այս բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եւ մնում է համբերությամբ զինվել, աղոթել եւ ամեն օր աղոթել»,- ասաց Սահակ վարդապետ Շաքարյանը:

Հայրենիքը չկորցնելու գաղափարի շուրջ է պետք համախմբվել եւ ամեն օր պատրաստ լինել աշխատելու, արարելու, ստեղծելու, եւ գործով պետք է ցույց տանք, որ սիրում ենք մեր երկիրը: «Մենք պիտի դժվարություններն արհամարհենք, ոչ թե վախենանք այդ դժվարություններից, եւ ինչպե՞ս պիտի արհամարհենք՝ աշխատելով, միայն աշխատելով, քաջությամբ եւ միմյանց մեր մեղքերը խոստովանելով, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում»,- ասաց վարդապետը:

Անդրադառնալով Եկեղեցու դեմ այս իշխանությունների սկսած արշավին, ասաց՝ Եկեղեցու դեմ պատերազմելը նշանակում է պատերազմել Աստծո դեմ:

«Իրենք Աստծուն կարո՞ղ են հաղթել՝ իհարկե, չեն կարող: Բոլոր այդ փորձերն ապարդյուն են, ոչինչ չի ստացվի ոչ մեկի մոտ, որովհետեւ մեր Եկեղեցին մեր ժողովուրդն է, մեր ինքնության պահապանն է, մեր լույսն է, մեր հավատքի աղբյուրն է, հայ մարդու փրկության օրորոցն է: Փորձեր կարող են լինել, միշտ եղել են, միշտ էլ կլինեն, բայց որեւէ մեկին չի հաջողվի հաղթել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- շեշտեց հոգեւորականը:

Մեր հարցին, թե ինչպես հասանք մի իրավիճակի, երբ արդարադատության համակարգում ծառայող դատավորը դատում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներին՝ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին եւ Բագրատ սրբազանին, ասաց, որ իրենք ամեն օր՝ աստվածապարգեւ ամեն վայրկյան աղոթում են իրենց բոլոր միաբանների, Միքայել եւ Բագրատ սրբազանների, բոլոր քաղբանտարկյալների համար, որ օր առաջ ազատության մեջ լինեն:

«Որպեսզի մեր ազգը նրանց աստվածային շնորհն օր առաջ վայելի: Այս մասին պետք է մտածենք, հիմա նրանք ինչ են անում, ինչպես են դատում՝ կարեւոր չէ: Մենք պետք է համախմբվենք ու հասկանանք, որ հաղթելու ենք. ինչու ենք հաղթելու, որովհետեւ Աստված ընդ մեզ է՝ Աստված մեզ հետ է, մենք՝ բոլորս, ճշմարտության հետեւորդներ ենք, մենք ճշմարտության քարոզիչներ ենք եւ ուզում ենք, որ հայն ապրի իր բնօրրանում, խոսի հայերեն, մտածի հայերեն եւ գործի հայեցի»,- եզրափակեց Սահակ վարդապետ Շաքարյանը:

«Հրապարակ». Իրենք Աստծուն կարո՞ղ են հաղթել՝ իհարկե, չեն կարող