Սեպտեմբերի կեսերին երկարատեւ դադարից հետո իր դռները կրկին կբացի հայկական կրկեսը․ այն կգործի հիմնովին վերանորոգված, նոր ու շքեղ կահավորված շենքում։
Հայկական կրկեսը վերադառնում է՝ թարմ տեսքով, բարձր գաղափարներով ու ժամանակակից բովանդակությամբ՝ դառնալով մշակութային կյանքում նոր էջ բացող խորհրդանշական իրադարձություն։
Նորարարությունը, սակայն, միայն արտաքին տեսքով չի սահմանափակվում․ ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների՝ «Տաշիր գրուպ» ընկերությունների ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանի որոշմամբ կրկեսում կենդանիներ չեն լինի։
Այս որոշումն ընդունվել է դեռեւս մինչեւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ինչը վկայում է Կարապետյանի սկզբունքային մոտեցման մասին։ Ինչ վերաբերում է օրենքին, ապա օրենքով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով «արգելվում է կոնկրետ ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում»:
Մեզ պատմեցին, որ Կարապետյանն այս որոշմանն է եկել՝ մինչ այս օրենքի ընդունումը, համարելով, որ վայրի կենդանիների կամ ընդհանրապես կենդանիների շահագործումը մարդկանց զվարճանքի համար անթույլատրելի է, հակասում է մարդասիրական արժեքներին։
Իհարկե, ավանդաբար կրկեսը փոքրիկների համար նախեւառաջ կապվել է կենդանիների ելույթների հետ` փիղ, վագր, արջ, կապիկներ եւ այլն։ Սակայն հայկական կրկեսի ղեկավարությունը վստահեցնում է, որ չնայած կենդանիներ չեն լինելու, հանդիսատեսն այնպիսի գունագեղ, հագեցած ու հետաքրքիր համարների ականատես կլինի, որ երեխաներն ու նրանց ծնողները հաստատ չեն զգա կենդանիների բացը։
Ժամանակակից տեխնոլոգիաները, վառ բեմադրությունները, ակրոբատիկ եւ երաժշտական յուրօրինակ համարները հանդիսատեսին կպարգեւեն անմոռանալի պահեր, վստահեցնում են կրկեսի աշխատողները։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի այս որոշմանը, ապա այն լայն համատեքստում է` համահունչ աշխարհում տարածվող այն միտումներին, որ կենդանիներին չի կարելի շահագործել, նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է դառնա առավել հումանիստական։
Ստացվում է, որ կրկեսի նոր բացումը ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլեւ օրինակելի ուղերձ՝ կենդանիների շահագործումից հրաժարվելու եւ զվարճանքի նոր չափանիշներ սահմանելու մասին։
Օգոստոսի 18-ին Երևանյան կրկեսի շենքում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով։ Սա հատուկ միջոցառում էր՝ նվիրված երեխաներին։ Նշենք, որ երեկ նաեւ Սամվել Կարապետյանի 60-ամյակն է: Գործարարը ծնունդը նշեց կալանավայրում:
Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երկու նոր տուն է ձեռք բերել
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար