19/08/2025

Մակրոնը կասկածանքով է վերաբերվում Պուտինի պատերազմը դադարեցնելու ցանկությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կասկածանքով է վերաբերվում այն բանին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ավարտել Ուկրաինական պատերազմը։

Այս մասին նա ասել է Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցություններից հետո՝ NBC News-ի հետ զրույցում։ «Հաշվի առնելով իրավիճակն ու փաստերը, չեմ կարծում, թե նախագահ Պուտինը հիմա առանձպաես պատրաստ է խաղաղությանը»,- ասել է նա։

Ֆրանսիայի նախագահի կարծիքով, Միացյալ Նահանգները հիմա պետք է ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա՝ լուծումներ գտնելու համար։ Ճնշումը պետք է ներառի նաեւ հավելյալ հակառուսական սանկցիաների սահմանումը։

«Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած երկկողմ հանդիպման ընթացքում առաջընթաց չարձանագրվի նախագահներ Պուտինի եւ Զելենսկու միջեւ եւ եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, ապա ստիպված կինենք խստացնել սանկցիաները՝ թե առաջնային եւ թե երկրորդային»,- ընդգծել է նախագահ Մակրոնը։

Վերջինս Սպիտակ տանը նախագահներ Թրամփի, Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է տրամադրել անվտանգության երաշխիքներ, որպեսզի Ռուսաստանի կողմից ապագայում նման հարձակումների հավանականությունը կանխվի։

Մակրոնը հայտարարել է, որ եթե խաղաղության համաձայնագիր կնքվի եւ անվտանգության երաշխիքներ չտմարադրվեն, ապա Ռուսաստանը երբեք էլ չի կատարի այդ համաձայնագրով նախատեսված իր հանձնառությունները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժնևը առաջարկել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման հնարավոր վայր։

Ֆրանսիացի առաջնորդն այս մասին ասել է TF1-ին տված հարցազրույցում։

Մակրոնի խոսքով՝ Փարիզում բանակցություններ անցկացնելը, ինչպես դա տեղի ունեցավ 2019 թվականին, բացառված է։

«Իրավիճակը գտնվում է այլ փուլում, ուստի անհրաժեշտ է գտնել չեզոք երկիր։ Հնարավոր է՝ Շվեյցարիան, ես կողմ եմ Ժնևին։ Կամ դա կլինի մեկ այլ երկիր։ Վերջին անգամ երկկողմ խորհրդակցությունները տեղի են ունեցել Թուրքիայում՝ Ստամբուլում», – նշել է նա։

Մակրոնը նաև ասել է, որ Վաշինգտոնում վերջերս կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են եվրոպացի առաջնորդները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով անմիջական շփման հեռանկարը։

Նրա խոսքով՝ նման հանդիպումից հետո կարող է տեղի ունենալ եռակողմ ձևաչափով հանդիպում՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, իսկ հետո՝ ավելի լայն, բազմակողմ հանդիպում։

Բանակցություններին, ինչպես ընդգծել է Ֆրանսիայի նախագահը, պետք է մասնակցեն ինչպես եվրոպական երկրները, այնպես էլ Թուրքիան՝ «նրանք, որոնց անվտանգությունն ուղղակիորեն կախված է պատերազմի արդյունքից»։