Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցը տևել է մոտ 40 րոպե, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հայտնել է, որ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
«Զրույցը տևել է մոտ 40 րոպե… մոտավորապես», – լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Թրամփը տեղեկացրել է եվրոպական առաջնորդների հետ բանակցությունների մասին։
Նախագահները աջակցություն են հայտնել Ուկրաինայի և ՌԴ պատվիրակությունների միջև բանակցություններին։ Քննարկվել է ավելի բարձր պաշտոնյաների մակարդակով հանդիպում անցկացնելու հարցը։
Պուտինը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Թրամփին Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված առաջընթացի համար և կարևորել անձամբ ԱՄՆ նախագահի կողմից Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ասել է, որ ներկա է եղել Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման կազմակերպման ուղղությամբ, և դա անվանել է աննախադեպ իրադարձություն:
«Մենք դեռ չենք հասել այդ նպատակին, բայց դա այն է, ինչին մենք ձգտում ենք, և այսօր քննարկվել է այն հարցը, թե ինչպես հասնել դրան»,- ասել է նա:
«Այն փաստը, որ Պուտինն ասում է. «Իհարկե, ես հանդիպելու եմ Զելենսկու հետ», արդեն մեծ ձեռքբերում է»,- ասել է պետքարտուղարը:
Ես չեմ ասում, որ նրանք այդ հանդիպումից հետո դուրս կգան որպես լավագույն ընկերներ. Ես չեմ ասում, որ նրանք դուրս կգան խաղաղության համաձայնագրով, բայց կարծում եմ, որ փաստն այն է, որ մարդիկ այժմ կխոսեն միմյանց հետ, ինչը տեղի չի ունեցել երեքուկես տարի»:
Ռուբիոն ասել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար:
«Դա հեշտ չէ և, հնարավոր է, նույնիսկ անարդար, բայց դա անհրաժեշտ է պատերազմին վերջ տալու համար»,- ասել է Ռուբիոն:
Ռուբիոն նաև ասել է, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ուղղությամբ ԱՄՆ-ն աշխատում է ինչպես իր եվրոպական դաշնակիցների, այնպես էլ այլ երկրների հետ:
«Դա պետք է իրականացվի խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, որպեսզի Ուկրաինան ապագայում կարողանա իրեն ապահով զգալ»,- հավելել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավարտվել են Թրամփի և Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։
Բաց մի թողեք
Թրամփը հայտնել է Պուտինի և Զելենսկու առանձին հանդիպման նախապատրաստման մեկնարկի մասին
Մեկնարկել է ԵՄ առաջնորդների, Թրամփի և Զելենսկու հանդիպումը. Տեսանյութ
Կա՛մ համաձայնագիր կլինի, կա՛մ՝ Ուկրաինային աջակցությունը դադարեցվում է. Թրամփը՝ Զելենսկիին. Լուսանկարներ