19/08/2025

Շնորհավորա՞նք, թե՞ նախկինների «Հուդայի համբույրը» Սամվել Կարապետյանին

Երեկ Սամվել Կարապետյանի ծննդյան օրն էր, և ինչպես սպասվում էր, շնորհավորանքների շռնդալից շքերթի ականատես եղանք։ «Նախկինների հետ կապ չունեցող» նախկիններից, մասնավորապես Ռոբերտ Քոչարյան (շնորհավորանքի տեքստը չի հրապարակվել), Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան և, ինչպես սպասելի էր, Գարեգին Բ։

civic.am-ը գրել է․ Բարեկրթությունը՝ բարեկրթություն, բայցև առջևում ընտրություններ են, քաղաքական ինտրիգների ու ինտրիգանների, ներողություն տերմինների համար՝ «բազառների» ու «քյաստմների» (2015 թվականի բուրժուադեմոկրատական հեղափոխության ելքը վկա) պակաս չի զգացվելու, ուստի պետք է բարեկրթության ակտը՝ ծննդյան շնորհավորանքը, օգտագործել քաղաքական հեռահար նպատակներով ու (դարձյալ ներողություն բառի համար) «զախոդվել» քաղաքական հայտ ներկայացրած բարերարին՝ նրան «հուդայաբար համբուրելով»։

Միգուցե մտքափոխվի ու որոշի դադարել «Մաֆիա» խաղալ՝ «կարմիր» ձևանալ՝ լինելով «սև», ու դաշինք կազմի իրենց նախկինների հետ՝ փորձելով ԱԺ տանել զրոյին մոտ ռեյտինգ ունեցող քաղաքական «բալաստը»։

Ուշագրավ է մասնավորապես Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, մասնավորապես դրա վերջին տողը, թե՝ «մաղթում եմ քեզ, որ կյանքիդ գալիք բոլոր ծնունդները դիմավորես քո և մեր բոլորի երազած Հայաստանում»։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ Ազատիչ, որ խնդրենք, փակագծերը կբացե՞ս, էդ ո՞րն է քո ու մեր բոլորի երազած Հայաստանը, ու «մեր» ասածի տակ հատկապես ում նկատի ունես։

Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր երազանքների Հայաստանում չի ապրում։ Երևի իր երազած Հայաստանն այն՝ նախահեղափոխական Հայաստանն էր, որտեղ իշխում էին նորին գարշելիություն համակարգային կոռուպցիան, ամենաթողությունը, տնտեսական մենաշնորհներն ու ստվերը, «պրիմիտիվ գողությունն» ու «շանտղության» զազրելի դրսևորումները (վերջին երկու բնորոշումները Սերժ Սարգսյանի վերջին վարչապետի՝ Կարեն Կարապետյանի բառապաշարից են)։

Սերժ Սարգսյանը երևի իր մաղթանքով փափագում է, որ Սամվել Կարապետյանը կամ «Սամվել Կարապետյան ընդ ֆրենդս»-ը՝ ապագա քաղաքական կոալիցիայի տեսքով, հետ գա իշխանության ու կառուցի իր ու իրենց երազած այդօրինակ Հայաստանը։ Այսինքն՝ մեր պետությունը վերադարձնի քաղաքական, սոցիալական, բարոյահոգեբանական այն «ստատուս քվոյին», որն առկա էր ՀՀ-ում 2018-ի ապրիլի դրությամբ՝ նախքան ժողովրդի իշխանության հաղթանակը։

Հիշենք ռուսական հայտնի ասացվածքը՝ «Мечтать не вредно», ու անցնենք առաջ։ Այսինքն՝ հաջորդ շնորհավորանքին, որի հեղինակը նախկին չէ՝ քաղաքականությամբ անձամբ զբաղված չլինելու առումով, բայց նախկինի որդի է՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք նրա աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդի Նարեկ Կարապետյանը։

Նորաթուխ քաղգործիչն իր շնորհավորանքը սկսել է տարօրինակ տողով. «Քեզ պես որդիներ ունեցող երկիրը չի՛ կարող լինել աշխարհում 113-րդը»։ Մեծ է գայթակղությունը հարցնելու՝ Նարեկ ջան, նորեկ ջան, «շպառգալկայից» օգտվելիս գրագետ օգտվիր՝ «113-րդ տեղը» ասելով ի՞նչ վիճակագրական թիվ, ինդեքս ես վկայաբերել, կլուսավորե՞ս՝ լուսավորվենք։

Հայաստանի վիճակագրական ցուցանիշների արխիվում մեր փնտրտուքից պարզ դարձավ, որ ՀՀ-ն իր հոր նախկին «շեֆի»՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, մասնավորապես 2016-ին է 113-րդ տեղը զբաղեցրել՝ Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության՝ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2016» ամենամյա հետազոտության արդյունքներով։

Պետական ոլորտում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ փորձագետների ու ձեռնարկատերերի կողմից տրվող գնահատականի համաձայն՝ 176 երկրների թվում Հայաստանը 113-րդն էր։

Հատուկ հիշեցնենք Նարեկ Կարապետյանի հետևորդներին՝ որքան ցածր դիրքեր է երկիրը զբաղեցնում ինդեքսում, այնքան բարձր է այնտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանը 2024-ին 180 երկիր ներառող կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում 63-րդ տեղում է:

Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը 2024 թվականին (47) ավելի բարձր է ԿԸ համաթվի համաշխարհային միջին արժեքից (43), որը տարիներ շարունակ անփոփոխ է մնում: Ինչևէ։

Զավեշտալի են քաղաքականության մեջ նորեկ Նարեկի շնորհավորական դիֆերամբի մյուս տողերը, թե ՝«քեզ պես որդիներ ունեցող երկիրը չի կարող լինել խաղալիք ուրիշների ձեռքում»: Բարեկամաբար ուզում ենք հորդորել քաղաքական անդաստանը ոտք դրած բոլոր հայտնի ու նորահայտ «որդիներին»՝ չչարաշահել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ու ՀՀ հարցով «զեկուցող» Կիրիենկոյի «սպռավոչկաներն» ու «մետոդիչկաները», այլապես կոնֆուզն անխուսափելի է։

Ի դեպ, չար լեզուները համառորեն պնդում են, որ Կիրիենկոյին նշանակած երկիրն է ՀՀ-ում «իր ձևերով» պրոցեսներ գեներացրել՝ որպես «խաղալիք» օգտագործելով «արիասիրտ բարերարներին», «վաստակաշատ հայորդիներին» ու տարատեսակ վսեմափայլ փահլևանների։

Երիցս ճիշտ է Նարեկ Կարապետյանը՝ խաղալիք չդառնալու մասով. այո, Հայաստանն ու ՀՀ քաղաքացիներն այլևս ոչ ուժ, ոչ էլ ռեսուրս ունեն երկիրը «քաղաքական գաստրալյորների» «պարապ վախտի խաղալիքը» դարձնելու համար։

Հուսանք՝ իրերն իրենց անուններով կոչելու՝ մեր ազատ խոսքի համար Կարապետյան ընտանիքի անդամները մեր դեմ հերթական դատական հայցը չեն ներկայացնի՝ մեղադրելով մեզ զրպարտության ու վիրավորանքի համար։