18/10/2025

Կապանի օդանավակայանի վրա Ադրբեջանի կրակելու մասին լուրը հին է՝ 2 տարվա. FIP

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայալեզու տիրույթում օգոստոսի 19-ից տարածվում է տեսանյութ՝ Ադրբեջանի կողմից Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակելու վերաբերյալ։ 

Արտապատկերումը՝ օգտատիրոջ էջից:

Այն հրապարակել է «Իրինա Իվանովնա» անունով օգտատերը․ հրապարակումն ունի մոտ 70 000 դիտում, այն կիսել ու տարածել են հարյուրավոր օգտատերեր։ Որոշ օգտատերերի մոտ նույնիսկ վախ է առաջացել։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ հրապարակված տեսանյութը հին է։

Այսպես, 2023 թվականի օգոստոսի 19-ին այդ տեսանյութը հրապարակել է «5-րդ ալիքը» և  անդրադարձել է այդ օրերին Կապանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակոցների վերաբերյալ տեղեկություններին։

Այդ ժամանակ՝ 2023 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը անդրադարձել էր տեղեկություններին և նշել, որ «օգոստոսի լույս 18-ի գիշերը`ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանին հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել»։

Այսպիսով, տարածվող տեսանյութը հին է և պատմում է 2 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի մասին։