17/10/2025

Սպիտակ տանը քննարկվել է ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի, այլև Եվրոպայի անվտանգության հարցը

Գերմանական ZDF հեռուստաընկերության երկրորդ ալիքը հարցազրույց է ունեցել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ ճշտելու, թե նա ինչ տպավորություններով է Վաշինգտոնից վերադարձել, որտեղ եվրոպական այլ երկրների առաջնորդների մասնակցությամբ բանակցություններ է վարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ըստ Գերմանիայի կանցլերի՝ օգոստոսի 18-ին Սպիտակ տանը քննարկվել է ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի, այլև Եվրոպայի անվտանգության հարցը, և գլխավորն այն է, որ Միացյալ Նահանգների նախագահը ոչ միայն պատրաստ է մասնակցել Եվրոպայում նոր կարգի հաստատմանը, այլև իր գործողությունները կոորդինացնել եվրոպացիների հետ:

Ըստ Մերցի՝ Եվրոպայի «նոր կարգի» հիմքում դրվելու են Ուկրաինային անվտանգության երաշխիքները: «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանի գնահատմամբ, Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահն ընդունել է եվրոպական երկրների առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այն պնդումը, որ ռուս-ուկրաինական կարգավորման ոչ մի տարբերակ չպետք է ենթադրի Ուկրաինայի Զինված ուժերի կրճատման և սպառազինվածության սահմանափակման դրույթ:

Արևմտյան աղբյուրները մանրամասնում են, որ Անքորիջի բանակցություններում Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն, բայց պնդել է, որ երաշխավոր երկիր լինի նաև Չինաստանը:

Օգոստոսի 18-ին, որքանով հասկացվում է Գերմանիայի կանցլեր Մերցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարություններից, եվրոպական երկրների առաջնորդները Թրամփին «համոզել են, որ Ուկրաինայի անվտանգությունը եվրոպական խնդիր է»:

«Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը կասկածում է, որ անվտանգության երաշխիքների ծածկաքողի տակ Ուկրաինան փաստացի ներքաշվում է ՆԱՏՕ-ի անվտանգային համակարգ, իսկ ռուս-ուկրաինական 1997 թվականի պայմանագրով Կիևը պարտավորված է «ընդմիշտ լինել չեզոք և հակառուսաստանյան որևէ դաշինքի մաս չկազմել»:

Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որ ընդամենը քառասուն րոպե է տևել: ԱՄՆ նախագահն ասել է, որ Պուտինին հորդորել է «լինել պրագմատիկ»:

Վաշինգտոնյան բանակցությունների մի շատ կարևոր նրբերանգ է բացահայտվել: Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ, եթե մինչ այդ նրանք երկկողմ բանակցություններում համաձայնեցնեն «տարածքային փոխանակման հարցերը»:

Մոսկվան դեռևս սկզբունքային պատասխան չի հնչեցրել:

Այս համատեքստում խիստ ուշագրավ է, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ և վաշինգտոնյան պայմանավորվածություններին աջակցություն հայտնել:

Ֆիդանի խոսքերով՝ «Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի ուկրաինական ճգնաժամը խաղաղ կարգավորում ունենա»: Ըստ էության, եթե բանակցային գործընթացը մտնի այն հունի մեջ, որ Վաշինգտոնում համաձայնեցրել են ԱՄՆ-ը, եվրոպական առաջատար երկրները և ՆԱՏՕ-ն, ապա Ռուսաստանն Ուկրաինայում կարող է դե-ֆակտո տարածքային ձեռքբերումներ ունենալ, բացի ռազմավարական առումով հայտնվել ՆԱՏՕ-ի հետ դիմակայության գծի վրա:

Միջազգային մի շարք փորձագետների կարծիքով՝ ուկրաինական բանակի մոտ չորս տարվա փորձը «ՆԱՏՕ-ի համար ուսանելի է» և խնդիր է դրված Ուկրաինան դարձնել Եվրոպային սպառազինություններ մատակարարող երկիր:

Այս հեռանկարը հիմնավորվում է նրանով, որ ռազմա-աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Եվրոպայի ռազմաարդյունաբերությունը տեխնոլոգիապես հնացել է, իսկ Ուկրաինան պատերազմի տարիներին կարողացել է բոլորովին նոր տեսակի սպառազինություններ ստեղծել, որոնցից շատերը, սակայն, «մնում են փորձանմուշային», սերիական արտադրության համար միջոցները բավարար չեն:

Կոպիտ է հնչում, բայց ըստ էության խոսքն այն մասին է, որ Ուկրաինան պետք է վերակազմավորվի որպես եվրոպական զինանոց: Եթե այդ նախագիծը կյանքի կոչվի, ապա ո՞րն է դրանից Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահը: