24/08/2025

Փաշինյանին և Ալիևին ասացի` ձեզ հետ առևտուր չեմ անի, եթե կռվելու եք իրար դեմ. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի լրագրող Մարկ Լևինին հարցազրույց է տվել, խոսել վերջին իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի՝ Վաշինգտոնում կնքված փաստաթղթի մանրամասների մասին:

«Կոնֆլիկտը տևել էր ավելի քան երեք տասնամյակ: Պետությունների ղեկավարներին հարց տվեցի՝ ինչու եք դուք կռվում իրար դեմ, եթե այդպես շարունակեք, ապա ես ձեզ հետ առևտուր չեմ անի, տղանե՛ր, դա խելագարություն է»,- պատմել է Սպիտակ տան ղեկավարը:

Ըստ Թրամփի՝ Սպիտակ տան Օվալաձև սենյակում Փաշինյանն ու Ալիևը սկզբում «փորձել են փախչել իրարից», սակայն վերջում գրկախառնվել են և շնորհավորել միմյանց:

«Հաճելի էր»,- հավելել է Թրամփը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստն ամբողջությամբ: