Ռուսաստանը չի կարող համաձայնել, որ հավաքական անվտանգության հարցերը լուծվեն առանց նրա մասնակցության: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Դա չի ստացվի,-մանրամասնել է Լավրովը,- մենք բազմիցս բացատրել ենք, որ Ռուսաստանն իր շահերը չի բարձրացնում, բայց մեր օրինական շահերը մենք ապահովելու ենք հաստատակամ և կոշտ»:
Ըստ Լավրովի՝ առանց Ռուսաստանի մասնակցության լրջորեն քննարկել անվտանգության երաշխիքները՝ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, քանի որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է հավասար հիմքով ապահովեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան:
Լավրովն առաջարկել է այդ հարցում կողմնորոշվել այն մշակումների վրա, որ ձեռք են բերվել Ստամբուլի 2022 թվականի բանակցություններում, երբ ուկրաինական կողմն առաջարկել է երաշխիքներ, որոնց մասնակից կլինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրները՝ ներառյալ Ռուսաստանը»:
Ռուսաստանի արտգործնախարարը ոչ ուղղակիորեն, բայց անդրադարձել է օգոստոսի 18-ին Սպիտակ տանը կայացած քննարկումներին: «Դուք Եվրամիությունից դիվանագիտական ի՞նչ քայլեր եք տեսնում:
Նախքան դրանք գնահատելը պետք է տեսնել: Առայժմ մենք ականատես ենք իրավիճակի բավական ագրեսիվ սրացման, ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի դիրքորոշումը փոխելուն ուղղված բավական կոպիտ և անպատշաճ փորձերի»,- հայտարարել է Լավրովը:
Ըստ էության, նրա բուն ասելիքը վերջին միտքն է, ինչից պարզ հասկացվում է, որ Մոսկվայում խիստ մտահոգված են, որ Անքորիջում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված բանավոր համաձայնությունները կարող են ենթարկվել սկզբունքային «սրբագրումների»:
Այդ անհանգստությունը, հավանաբար, զուտ քարոզչական հնարք չէ: ԱՄՆ նախագահը փաստացի մերժել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու տարբերակը և պատասխանատվությունը հասցեագրել Պուտին-Զելենսկի հանդիպմանը:
Իսկ այդ ձևաչափով բանակցությունների նախապատրաստումը պահանջում է ժամանակ և մեծ ջանքեր: Այստեղ սկզբունքային է, որ Թրամփը Զելենսկուն, կարծես, չի պարտադրում ընդունել «կապիտուլյացիայի նախապայմանները», իսկ եվրոպացիները խոստանում են Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Ուկրաինայի դիրքերն ամրապնդել:
Իհարկե, այս դեպքում քարոզչական բաղադրիչն ավելի գերակա է, բայց որ Անքորիջի պայմանավորվածությունները չեն գործնականանում, երևի թե փաստ է:
Բաց մի թողեք
Ում դեմ պատերազմի է նախապատրաստվում Ադրբեջանը
Հայատյաց քաղաքականությունն Ադրբեջանում չի դադատեր, իրենց համար մենք թշնամի ենք
Փաշինյանը Հայաստանի անկախության Հռչակագիրը «կոնֆլիկտային» է բնորոշել