24/08/2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր. տեսանյութ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք է եղել: 

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ օպերատիվ տեղեկությունն իրացվել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ:

«Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ:

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին արդեն Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Շիրակի պարեկների հետ համագործակցված: Օգոստոսի 14-ին՝ ժամը 18։10-ին, արդեն Գյումրիում թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալվեց օտարերկրյա քաղաքացի 23-ամյա երիտասարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 500 գրամ մարիխուանա:

Օգոստոսի 15-ին դատարանի որոշմամբ՝ խուզարկություն կատարվեց Երևանում ձերբակալված 46-ամյա գյումրեցու տանը. հայտնաբերվեցին «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի զանգվածով ապակե տարա՝ ընդհանուր մոտ 300 գրամ, նաև էլեկտրոնային կշեռք ու նռնակի երեք պայթուցիչ:

Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձերբակալված երկու տղամարդիկ էլ կալանավորվել են:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: