23/08/2025

Կան ապացույցներ, որ բենզինի պայթյունից հետո որոշ մարդիկ գերի են. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է բենզինի պահեստի պայթյունից հետո անհետ կորած անձանց խնդրին:

«Հարազատների հաշվարկով՝ անհետ կորածների թիվը 23 է։ Ընտանիքները ներկայացրել են տարբեր ապացույցներ, որ այդ մարդկանց գոնե մի մասը ինչ-որ պահի գերի է եղել ադրբեջանական կողմում, և այդ տեղեկությունները փոխանցվել են լիազոր մարմիններին, այդ թվում՝ ազգային անվտանգության ծառայությանը»,- ասել է Արտակ Բեգլարյանն այսօրվա ակցիա ընթացքում։

Նրա խոսքով՝ բացի անհետ կորածներից, կան նաև ընտանիքներ, որոնք պահանջում են իրենց զոհված հարազատների արտաշիրմում. «Նշված անձինք հուղարկավորվել են Արցախում՝ 2023թ․ սեպտեմբերի 19-25-ի պատերազմական գործողությունների հետևանքով, սակայն գերեզմանների տեղը լիովին հայտնի չէ։ Ընտանիքները մտավախություն են հայտնել, որ գերեզմանները կարող են կորչել, կամ դիակները անորոշության մեջ մնալ»,-ասաց նա և ընդգծեց, որ արտաշիրմման գործընթացի համար ադրբեջանական կողմը բազմիցս խոստացել է տրամադրել պայմաններ, նույնիսկ որոշ օրերի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն հետագայում դրանք խախտվել են։

Բեգլարյանն ընդգծում է, որ այս իրավիճակը մտահոգություն է առաջացնում այն ընտանիքների համար, ովքեր դեռևս չունեն վստահություն, որ իրենց հարազատների հիշատակը կպահպանվի, և դիակները կհանձնվեն նրանց ժամանակին։