25/08/2025

Ասելու է, որ մենք մնացել ենք 29.743-ի սահմաններում: Եւ ո՞վ է գնալու հաշվի: Ոչ ոք․ Մելիքյան

Հայաստանի պաշտոնական փաստաթղթերում, Նիկոլ Փաշինյանի ելույթներում թվերի ու  փաստերի խառնաշփոթ է, ընդ որում, ամենաառանցքային պետական արձանագրումներում, ինչպիսին է, ասենք, Հայաստանի Հանրապետության տարածքը:

Այսպես, մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում, ասելով. «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է»:

Այս թիվը բազմիցս է հնչել: Իսկ, ասենք, 2023 թվականին Բրյուսելում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո նույն Փաշինյանը այլ թիվ է հնչեցնում. «Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը»:

Այն գրված է նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական կայքում. «Հայաստանի Հանրապետությունը ունի 29 հազար 800 կիլոմետր տարածք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենիքն է»:

Թե ինչպես է 29 հազար 743-ը դառնում 29 հազար 800, ոչ ոք չի բացատրում: Եթե վարչապետը կլորացնում է թվերը, ապա մաթեմատիկայի կանոններով այս 29 հազար 743-ը կլորացնելուց հետո պետք է դառնա 29 հազար 700: Արդյո՞ք պետության տարածքը նշելիս, երկրի առաջին դեմքը իրավունք ունի նման անճշտություններ թույլ տալու:

Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, Արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը Հրապարակ թերթի հարցերին պատասխանում է. «Եթե նա կարողանում է ասել զոհերի մասին «պլյուս-մինուս հիսուն», տարածքը ինչ է, որ պլյուս-մինուսով չխոսի: Ինձ զարմացնում է, որ բոլորը ընկնում են այն ծուղակը, որը նա սարքում է: Սա կոչվում է օրակարգ թելադրել: Վաղը նա կարող է ուրիշ թիվ ասել, մյուս օրը՝ մեկ այլ բան, առավոտյան՝ մի բան, գիշերը՝ մեկ այլ բան: Ու այս մանիպուլյացիաների հետեւից պետք չի գնալ: Այսօր նա ասում է մեր 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների մասին, վաղը կարող է, ասում է՝ այդ 200 քառակուսի կիլոմետրն էլ Հայաստանին չեն տալու»:

– Բոլորին այս հարցը հետաքրքրում է, որովհետեւ երկրի ղեկավարը կարևոր թիվ է հնչեցնում…

– Պետք է նրան անտեսել, նրա խնդիրն այսօր օրակարգ թելադրելն է, եւ կապ չունի, թե ինչ բառապաշարով՝ լպիրշ կլինի, գարշելի կլինի, կուլտուրական, թե «գեղավարի», թե ոչ պրոֆեսիոնալ՝ կապ չունի: Նա իջեցնում է հարցը, թեման, նախադասությունը, եւ ամբողջ ժողովուրդը գնում է դրա հետեւից:

Այո, ինքը ժամանակին ասում էր՝ 29 հազար 800 քառ կմ, հետո մեկ էլ սա դարձավ 29.743: Ինչքան քիչ, այնքան լավ, աստիճանաբար քչացնում ենք, էլի: Կարող է, դա այն տարածքներն են, այդ կրճատված մասը, որոնք հիմա օկուպացված են: Ու կան դեռ անկլավներ, որոնք տալու է, բայց հետո ո՞նց է վերաձևակերպելու: Ասելու է, որ մենք մնացել ենք 29.743-ի սահմաններում: Եւ ո՞վ է գնալու հաշվի: Ոչ ոք:

-Անկլավները, Արծվաշենը մտնում են 29 հազար 800-ի մեջ: Բայց մենք ոչ մի բառ չենք լսում այս մասին: Ի՞նչ է լինելու սրանց հետ, Ձեր կանխատեսմամբ:

– Հենց դա է, նա չի ասում՝ Արծվաշեն, բայց apriori ասում է, որ կան տարածքներ մեր վերահսկողության տակ, եւ կան տարածքներ, որոնք նրանք են վերահսկում: Եթե հարցնեք, թե որոնք են դրանք, նա չի ասի: Կասի՝ դրանք դետալներ են, որոնք դեռ քննարկման փուլում են: Դուք նրա բերանից Արծվաշեն բառը լսե՞լ եք:

– Ոչ, բայց նա պարտավոր է մարդկանց գոնե մոտավորապես ասել, թե ինչ է լինելու Արծվաշենը, եւ եթե փոխանակվելու է: 

– Դուք սպասում եք, որ նա ինչ որ բան պետք է փոխանակի՞: Նա միակողմանի պետք է զիջի այն, ինչ որ իրեն կասեն:

– Լավ, մեկ այլ հարց: Փաշինյանն ասում է, որ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանները ճանաչել են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Բայց Ալմա-Աթայի հռչակագիրը արդեն ուժը կորցրել է, որովհետեւ ըստ այդ հռչակագրի, օրինակ, Ղրիմը ուկրայինական է: Այսինքն՝ ինչպես կարող է միջազգայնորեն ընդունված փաստաթուղթը մի երկրի դեպքում գործի, մյուսի դեպքում՝ ոչ: Միջազգային իրավունքում նման բան կարո՞ղ է լինել:

– Իհարկե, ոչ: Այստեղ ամեն ինչ գալիս է նրանից, թե պետության ղեկավարն ինչպես է իր պետության շահերը պաշտպանում: Այստեղ ոչ մի պաշտպանություն չկա, մի սպասեք, չի էլ լինելու, իսկ Խաղաղության օրակարգ կոչվածի մասին մինչև մյուս տարվա հունիս խոսելու է, մինչև ընտրությունները, իհարկե, եթե մինչ այդ բան չփոխվի: Նա արդեն մտել է ագրեսիվ քարոզչական փուլ: Նա վաղը պետք է Սահմանադրություն փոխի, չէ՞: Եւ պետք է բոլորին համոզի, եւ նա արդեն «ստարտը» տվեց: Նա արդեն ասաց՝ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը գիտի, որ վաղը խաղաղություն է լինելու, չի քվեարկի Սահմանադրության օգտին: Վերջ, նա արդեն սկսել է Սահմանադրության փոփոխության քարոզչությունը: Նա ասելու է՝ եթե սա չանեք, լինելու է պատերազմ: Այդ կուտը վաննաներով, ցիստերով լցրել է ժողովրդի առաջ: Այդ թուղթը, որը Վաշինգտոնում ստորագրել է, ես դրան ասում եմ՝ Փաշինյանի երկարակեցության թուղթ, դրանից է նա բռնվել, դա նրա իշխանության մնալու թուղթն է: Նա այդ թուղթը ստացել է Վաշինգտոնից: Մյուսները շահել են ամեն ինչ, իսկ նա շահել է իրեն, որ մնա իշխանության, որովհետեւ դա դառնալու է նրա լակմուսի թուղթը ընտրություններից առաջ, նա այդ թղթով է գնալու ընտրության: Իսկ թե ինչ կփաթեթավորի դրա տակ, քանի կիլոմետր, կարևոր չի: Ամեն ինչ կառուցվում է իր երկարակեցության, ավտորիտարիզմի վրա:

– Իսկ ի՞նչ է լինելու, ըստ ձեր կանխատեսման, Սեւ լճի, Ներքին Հանդի, Սոթքի, Ջերմուկի մեր հատվածների հետ, որտեղ հիմա ադրբեջանցիներ են կանգնած: Սա էլ չի հասկացվում պաշտոնական զրույցներից: Դրանք է՞լ են մտնում 29․800-ի մեջ:

– Մնալու են Ադրբեջանին: Ինքն էլ է ընդունում, որ դա օկուպացված տարածք է, թեեւ չի ասում՝ օկուպացված, ասում է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ:

– Տիգրանաշենի ճակատագիրը ի՞նչ է լինելու:

– Տալու է միանշանակ: Երկրորդ կարծիք չկա:

– Այսինքն, Հայաստանը կիսելու ենք երկու մասի՞

– Չեմ կասկածում ոչ մի վարկյան: Դեռ չի եղել մի դեպք, որ նա մի բան ասի, դրա հետեւից չգնա ու հետո հակառակը չլինի: Անկլավների հարցը պետք է լուծվի միանժանակ: