23/08/2025

ԱՄՆ-ը կերաշխավորի այն Ուկրաինայի անվտանգությունը, որ կփրկվի Պուտինի «ճիրաններից»

Ծովակալ Թոնի Ռադիմանը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետը, մեկնել է Վաշինգտոն, որպեսզի մանրամասն քննարկի Ուկրաինային անվտանգության երաշխիքներին ամերիկյան մասնակցությունը, իրազեկ աղբյուրներին հղելով՝ գրում է The Times-ը, որի տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահի հետ «արդյունավետ հանդիպման համար Վլադիմիր Զելենսկուն դիվանագիտական կռվաններ տրամադրելուն սահմանված է տասնօրյա ժամկետ»:

Նկատի ունենալով եվրոպական բյուրակրատիային յուրահատուկ գործելաոճը՝ անհնար է պատկերացնել, որ այդքան կարճ ժամանակամիջոցում «պատրաստակամների կոալիցիային» կհաջողվի Ուկրաինայի նախագահին այնպիսի «խաղաքարտեր» տրամադրել, որ նա Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում գոնե «լսողի դերում» չմնա:

Ըստ աղբյուրների՝ եվրոպացիները քննարկում են Ուկրաինային անվտանգության երաշխիքների մի քանի տարբերակներ, այդ թվում՝ նրա տարածքի «պաշտպանություն օդից և ծովից»: Ոչ մի երկիր, կարծես, ուկրաինական տարածք ցամաքային զորքեր մտցնելու մտադրություն չունի:

Ըստ աղբյուրների՝ այդ հարցում Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային տարհամոզել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ զգուշացնելով, որ դա կարող է համաեվրոպական պատերազմի պատճառ դառնալ:

Երևում է՝ ԱՄՆ նախագահի թիմը դեռևս միասնական դիրքորոշում չունի: Թրամփի հատուկ բանագնաց Ուիթկոֆի կարծիքով «Միացյալ Նահանգները կարող են ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի օրինակով Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել»:

Պետքարտուղար Ռուբիոն Fox News-ին հարցազրույցում ավելի նպատակահարմար է տեսել, որպեսզի Վաշինգտոնը և Կիևը փոխադարձ անվտանգության մասին պայմանագիր ստորագրեն այն սկզբունքներով, որ գործում են Հարավային Կորեայի և Ճապոնիայի համար:

Ըստ այդ պայմանագրերի՝ կողմերից մեկի դեմ երրորդ երկրի հարձակումը համարվում է ագրեսիա մյուսի նկատմամբ, և նա անմիջապես դաշնակցի կողմից պատերազմի մեջ է մտնում:

Տարբերակներն, իհարկե, տեսականորեն օգտակար են, կարող են անգամ գրավիչ պատկերվել, բայց նախ դրանք գործնական են դիտվում միայն ռուս-ուկրաինական համաձայնությունից հետո, երկրորդ՝ ինստիտուցիոնալ առումով խնդրահարույց են թեկուզ այն առումով, որ Եվրամիության անդամ ցանկացած երկիր կարող է արգելափակել Ուկրաինայում ռազմական ծախսերի ծրագիրը:

Ամենահավանականը, թերևս, ԱՄՆ պետքարտուղարի առաջարկած տարբերակն է: Ճապոնիային ամերիկյան երաշխիքներն, անկասկած, «օկուպացված» Կուրիլյան կղզիների նկատմամբ չեն գործում, իսկ Հարավային Կորեայի դեպքում գործ ունենք թերակղզին երկու պետությունների բաժանման հետ:

Ենթատեքստով հասկացվում է, որ ԱՄՆ-ը կերաշխավորի այն Ուկրաինայի անվտանգությունը, որ կփրկվի Պուտինի «ճիրաններից»: Բայց այդ Ուկրաինան կվերածնվի՞ որպես գոնե Հարավային Կորեա: