24/08/2025

Ինչու է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրից հեռացվել մասնակիցը. պարզաբանում

Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին և մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ ԱԺ-ից տեղեկացրել են, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով:

Նշվում է, որ վերոնշյալ մասնակցի օրինական ներկայացուցիչը (ծնողը) հրավիրվել է Ազգային ժողով՝ քննարկելու իր երեխայի դիտարկումները ծրագրի հետ կապված, և զրույցի ընթացքում պարզվել է, որ մասնակիցն արդեն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն և չի համապատասխանում ծրագրով նախատեսված ավագ դպրոցի աշակերտ լինելու պահանջին, ինչն արդեն իսկ հիմնավոր պատճառ է նրան «Ամառային դպրոցից» հեռացնելու համար:

Հիմք ընդունելով այդ տեղեկությունը և կատարված հրապարակումները՝ մասնակիցը հեռացվել է «Ամառային դպրոցից»:

««Ամառային դպրոցի» գործունեության հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն կամ տարածված հայտարարություն չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարության մեջ: