24/08/2025

Փաշինյանն օդ է կրակում

Օդ է ու փուչիկ Հայաստանի համար լայն հեռանկարների մասին իշխանական քարոզչությունը, որին օգոստոսի 8-ից առաջ ու հատկապես դրանից հետո լծված է փաշինյանական ագիտպրոպն ու ինքն անձամբ։

Հրապարակ թերթը գրել է․ Ժողովրդին ուղղված ուղերձից հետո խաղաղության հեքիաթը հիմա էլ կառավարության նիստին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ է Փաշինյանը պատմել լրագրողներին՝ իհարկե, չտալով առանցքային ու որոշիչ հարցի պատասխանը՝ ինչ ռեժիմ է գործելու Թրամփի ուղու համար, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանի համար անխոչընդոտ անցում է ենթադրում, ու ինչպես է դրսեւորվելու փոխադարձության սկզբունքը, որի մասին խոսում է իշխանությունը։

«Էս մանրամասներով չենք խոսել: Պայմանավորվածությունն այն է, ինչ հրապարակված է»,- Հայաստանի տարածքով ադրբեջանական բեռների ու մարդկանց անցման կարգի, պայմանների վերաբերյալ հարցերին այսպես է արձագանքել Փաշինյանը։ Իսկ փոխադարձության սկզբունքի վերաբերյալ ասել է․ ««Փոխադարձ» բառը «անխոչընդոտն» էլ ա ներառում, ամեն ինչն էլ»։

«Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասին եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ հաղորդակցության համար: Վաշինգտոնի հռչակագրում Ադրբեջանի կապ ունենալու առավելությունն ընդգծված է վերոնշյալ սկզբունքների շրջանակներում եւ ընդգծված է Հայաստանի Հանրապետության համար ներքին, այսինքն՝ երկրից երկիր, ու միջազգային, այսինքն՝ դեպի երրորդ երկիր փոխադարձ առավելություններով»:

Այս պատասխանով նա կրկնում վաշինգտոնյան հռչակագրի տեքստը ու փաստացի ոչինչ ավելի չի ասում, չի մասնավորեցնում, թերեւս հենց այն պատճառով, որ չգիտի։ Ի՞նչ փոխադարձության մասին կարող է խոսք գնալ, երբ նույն օրը, ինչ Երեւանում Փաշինյանն Ադրբեջանին մաքսային պարզեցումներ է խոստանում, Բաքվում Ալիեւը հպարտանում է, թե Հայաստանի հետ «խաղաղության» փաստաթղթի հիմքում ընկած են Ադրբեջանի դիրքորոշումները, եւ որ այն Ադրբեջանն է հեղինակել, որ այդ փաստաթուղթն ամբողջությամբ ապահովում է իրենց շահը, ու իրենք հասել են այն ամենին, ինչ ուզել են։

Եթե անգամ մի պահ վերանանք իրականությունից ու ֆանտաստիկայի ժանրում համարենք, որ Ալիեւի հեղինակած փաստաթղթերում Հայաստանի շահը հաշվի է առնվել, այն, ինչ խոստանում է իշխանությունը վաշինգտոնյան հռչակագրի շրջանակներում, իրերի այս դրության պայմաններում, մեղմ ասած, չափազանց բարդ իրագործելի է։

Ադրբեջանից Հայաստանով ապրանքների անցման համար պետք է գոյություն ունենա ռեժիմ։ Մաքսազերծման 5 ռեժիմներից որեւէ մեկը՝ ազատ առեւտրի, առանց մաքսային հսկողության, ինչպես Մաքսային միության դեպքում է, ազգերի առավելագույն բարենպաստության ռեժիմ, ինչպիսին Հայաստանի եւ Իրանի միջեւ գործող ռեժիմն է, դիսկրիմինացիոն եւ արգելման, պահպանված չէ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ոլորտից քաջատեղյակ փորձառու մասնագետն ասում է՝ իրավապայմանագրային բազա չկա։ «Որպեսզի Ադրբեջանից որեւէ ապրանք, տրանսպորտային միջոց հատի ՀՀ պետական սահմանը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ունենան համապատասխան միջազգային պայմանագիր՝ երկկողմանի կամ բազմակողմ։

Երկկողմանի համաձայնագրեր չկան, որովհետեւ չկան նաեւ դիվանագիտական հարաբերություններ, իսկ բազմակողմանին միայն ԱՊՀ շրջանակներում են։ Ադրբեջանը ո՛չ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, ո՛չ՝ ԵԱՏՄ, մինչդեռ Հայաստանի սահմանը ԵԱՏՄ սահման է»։

Այս մասին, ի դեպ, Մոսկվան Երեւանին հասցրել է հիշեցնել, եւ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցը Հայաստան ու Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին առնչվող «նրբությունների» քննարկումն ամենեւին պատահական չէին։

Պարզ լեզվով ասած, սա նշանակում է, որ նույնիսկ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ամբողջ իրավապայմանագրային բազան ստեղծվի, որպեսզի Թրամփի ուղին կենսունակ դառնա, դրան պետք է համաձայն լինի ԵԱՏՄ-ն, այսինքն՝ այն պարզեցումները, որ Փաշինյանը խոստանում է Ալիեւին, բայց չի մասնավորեցնում, առանց կազմակերպության հետ համաձայնեցնելու չեն կարող լինել։

«Եթե այս ամենը լիներ 2021 թվականին, գուցե իրատեսական թվար, բայց, հաշվի առնելով ներկայիս հարափոփոխ իրավիճակն ու աշխարհաքաղաքական բարդ հարաբերությունները, հատկապես նկատի առնելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս դինամիկան, սա հում թեմա է, գուցե քարոզչության ու քաղաքական շահարկումների համար հարմար»,- նկատում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է սահմանային հսկողությանը, մեր զրուցակիցն ընդգծում է՝ Հայաստանի պետական  սահմանը որեւէ այլ սուբյեկտ չի կարող հսկել, բացառությամբ այն դեպքերի, երբ ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի դեպքում է, կա իրավապայմանագրային բազա։

Հակառակ դեպքում որեւէ 3-րդ կողմի ներգրավումը Հայաստանի համար նշանակելու է շրջափակման ռիսկ։ Ցանկացած պահի տվյալ կողմը կարող է որոշել փակել Իրանի հետ սահմանը, ու Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ։