23/08/2025

Եթե վարչապետ է, կարող է երկրի սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ անել և մնալ անպատի՞ժ

Ես փաշինյանական ոճի մի հարց ունեմ իրավագետներին․ 2025 թվականի օգոստոսի 21-ին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ղարաբաղյան շարժումը չշարունակելու իր հետևությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց 2025 թվականի մարտին Ազգային ժողովում իր արած հայտարարությունը։

Ահա Նիկոլ Փաշինյանի խոսքերը ճեպազրույցի ժամանակ․

«․․․Հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել»։

Ապա կրկնում է ևս մեկ անգամ․ «․․․ ես երևի միակ վարչապետն եմ․․․, ով իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել այն պարագայում, երբ համաձայն չէ քաղաքացին հռչակված ռազմավարության հետ»։

Այսինքն՝ ես ճի՞շտ եմ հասկանում, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին համաձայն չէ Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետ, ապա Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անելու կո՞չ է անում նրան, այսինքն՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու կո՞չ է անում։

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը (նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և իր համախոհները, էլ չեմ խոսում Սամվել Կարապետյանի և այլոց մասին) բանտում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ազատության մեջ։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը մի կողմից հեղափոխության կոչ է անում, մյուս կողմից բանտերը լցնում իր քաղաքականության հետ անհամաձայն քաղաքացիներով, որոնց մի մասը գուցե հենց նրա կոչո՞վ է առաջնորդվել։

Եվ ես հարցնում եմ իրավագետներին․ տվյալ դեպքում մի՞թե կարևորություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կամ ի՞նչ է, եթե վարչապետ է, կարող է երկրի սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ անել և մնալ անպատի՞ժ։ Իսկ այլք նույնատիպ կամ դրան նույնիսկ անահմեմատելի արարքի համար ենթարկվեն պատժի՞։ Ո՞ւր է արդարությունը և արդարադատությունը։

Հակոբ Սողոմոնյան