23/08/2025

Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին

Տեւական ժամանակ է՝ լուրեր են պտտվում, որ իշխանական թիմում արտահերթ ընտրությունների հարցն են քննարկում։ Փաշինյանը հասկանում է, որ ժամանակն իր իշխանության դեմ է աշխատում, եւ ամեն օր առանց այն էլ գահավիժած վարկանիշը նվազում է, ուստի ուզում է անակնկալի բերել քաղաքական հակառակորդներին եւ վարչական լծակների շնորհիվ արտահերթ ընտրություններով մեկ ժամկետ էլ վերարտադրվել։

Հրապարակ թերթը գրել է․ Եվ չնայած իշխանականները համառորեն հերքում էին արտահերթի հնարավորությունը, սակայն վերջին օրերին հարցը կրկին օրակարգում է։ Նախօրեին, կառավարության նիստից հետո Փաշինյանն իր ոտքով գնաց լրագրողների գիրկը եւ կարճատեւ ճեպազրույցում ակնարկեց նաեւ արտահերթ ընտրությունների մասին։

«Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հետ կապված կարծիքներ կան, բայց այդ կարծիքների հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել»,- հայտարարեց Փաշինյանը: Նախկինում Փաշինյանն ասում էր, որ չկա արտահերթի հարց, չկա որեւէ անհրաժեշտություն եւ հիմք: Մինչդեռ այժմ հանկարծ պարզվում է, որ «դեռ պետք է ստուգվի հիմնավորվածությունը»:

Նույն օրը՝ երեկոյան, նա հավաքեց թիմին կուսակցության կենտրոնական գրասենյակում, որի գլխավոր թեման կրկին արտահերթ ընտրություններն են եղել՝ համեմված վաշինգտոնյան համաձայնագրի թեմայով կամ այդ համատեքստում։

Ընդ որում՝ քննարկմանը մասնակցել են ոչ միայն օրենսդիր մարմնի ՔՊ-ական ներկայացուցիչները, այլեւ՝ անկուսակցականները, բոլոր մարզպետները, նախարարները, մի խոսքով, կարելի է ասել՝ ողջ թիմը ներկա է եղել։ Մոտ երկու ժամ տեւած հանդիպումից հետո ՔՊ փոխնախագահներից Գեւորգ Պապոյանը լրագրողներին ասաց, որ, ի թիվս ներքաղաքական, ներկուսակցական հարցերի, անդրադարձել են նաեւ հերթական-արտահերթ ընտրությունների հարցին, եւ ասաց, թե արտահերթ ընտրությունների տեսակետները, իրենց թիմի կարծիքով, հիմնավոր չեն, ուստի արտահերթ ընտրությունների գնալու որոշում չունեն, հինգ տարին կլրանա, կգնան հերթական ընտրության։ Հասկանալի է, որ ոչ մեկը, այդ թվում՝ Փաշինյանը, վաղօրոք չի հայտարարի արտահերթի մտադրության մասին, եթե անգամ ունենա այդպիսի հստակ որոշում:

Փակ նիստից մեզ պատմեցին, որ իրականում բուռն քննարկում է ծավալվել այս հարցի շուրջ, Փաշինյանը ի սկզբանե դիրքորոշում չի հայտնել, ընդամենը առաջարկել է թիմին՝ կարծիքներ հայտնել արտահերթի հնարավորության մասին, նաեւ վստահեցրել է, որ առաջնորդվելու է թիմի մեծամասնության կարծիքով։

Մոտ 10-15 հոգի է կողմ արտահայտվել արտահերթ ընտրությունների գնալուն, դրանք եղել են այն մարդիկ, ովքեր վստահ են, որ տեղ են զբաղեցնելու հաջորդ ցուցակում կամ առնվազն իշխանական երկնակամարում իրենց տեղն ունենալու են։ Այս մարդկանց փաստարկը եղել է վաշինգտոնյան համաձայնությունը, որ, ըստ իրենց, որոշակիորեն բարձրացրել է իշխանության վարկանիշը, ու չպետք է պահը բաց թողնել, երկաթը տաք-տաք ծեծել է պետք, հատկապես որ, ըստ իշխանականների, ընդդիմադիր դաշտն էլ ամլացած է, ոմանց էլ իրենք են փակի տակ պահում։

Փոխարենը՝ իշխանական մեծամասնությունը, կարելի է ասել, մարտնչել է այս դիրքորոշման եւ դրա կրողների դեմ, կարծիք է հնչել՝ եթե վաշինգտոնյան ակտը բարձրացրել է իշխանության վարկանիշը, ուրեմն այդ միտումը կշարունակվի առնվազն առաջիկա մեկ տարին, ինչու չսպասել հերթական ընտրություններին։ Հաջորդն էլ լրացրել է՝ եթե չսպասենք հերթականին, ապա ժողովրդի մոտ կասկածներ, հարցեր կառաջանան, կմտածեն, թե իրականում ստում ենք, ոչ մի խաղաղություն էլ չենք հաստատել այդ համաձայնագրով, այդ պատճառով ենք ուզում ափալ-թափալ ընտրությունների գնալ, որ հետո վտանգավոր սցենար իրագործենք։

Ով չի ալարել, իր հակափաստարկն է ներկայացրել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի դեմ։ Հասկանալի է, որ իշխանական պատգամավորների փորացավը ոչ այնքան ռիսկերն են, քանի որ դեռ հարց է, թե իրենցից քանիսն է լինելու հաջորդ ցուցակում, այլ այն, որ զրկվելու են մի քանի ամսվա աշխատավարձից եւ պատգամավորական թոշակ չեն ստանալու, եթե խորհրդարանի հնգամյա ժամկետը կիսատ մնա։

Քննարկման վերջում պարզ է դարձել, որ մեծամասնությունը դեմ է, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ Փաշինյանն առաջնորդվելու է մեծամասնության կարծիքով։ Ինչպես նշեցինք, նախկինում նա կտրուկ բացառում էր արտահերթի հնարավորությունը, իսկ հիմա, մեր աղբյուրներն ասում են, որ վաշինգտոնյան համաձայնությունից հետո կարծում է, որ պատմական շանս է իր համար ստեղծվել, քանի որ քարոզչական փուչիկը վաղ թե ուշ պայթելու է, եւ իշխանությունն ավելի վատ վիճակում է հայտնվելու, քան այսօր է։

ՔՊ-ականները հիշում են նաեւ ԵՄ-ին անդամակցության հարցի շուրջ քննարկումները, մի քանի ամիս քննարկեցին հարցը, թիմի մեծամասնությունը դեմ էր այդ հեռանկարին, բայց մի օր Փաշինյանը հայտարարեց, որ պետք է բավարարեն Եվրաքվեի նախաձեռնությունը եւ ընդունեն անդամության հայտի մասին նախագիծը։  Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը, դիցուք, առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին։