Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով տարածաշրջանի արաբական աղբյուրներին, հայտնում են, որ Միացյալ Նահանգները եռանդուն աշխատում է, որպեսզի ԱՄՆ նախագահի հովանու ներքո կազմակերպի իսրայելա-սիրիական գագաթաժողով:
Իբրև նախանշան է դիտվում ՄԱԿ-ում Սիրիայի նոր ներկայացուցչի նշանակումը:
Գագաթաժողովը ենթադրաբար ծրագրվում է անցկացնել սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Ըստ տեղեկությունների՝ ստորագրման են նախապատրաստվում մի շարք կարևոր փաստաթղթեր, բայց լիարժեք խաղաղության համաձայնագրի մասին առայժմ խոսք չկա: Խնդիր է դրված հասնել «լարվածության թուլացմանը»:
Արաբական աղբյուրների տեղեկացվածությամբ, իսրայելա-սիրիական բանակցություններ ընթանում են Փարիզում: Սիրիան ներկայացնում է արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին, Իսրայելը՝ ռազմավարական ծրագրավորման նախարար Ռոն Դերմերը:
Անցած շաբաթ, ըստ արաբական մամուլի, այդ բանակցություններում նկատելի առաջընթաց է արձանագրվել:
Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են ինչպես ուկրաինական կարգավորման, այնպես էլ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ուշագրավ է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի՝ հունիսին Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական փորձագիտական հանրությունը տեսլական է շրջանառել, որ իսրայելա-սիրիական կարգավորման բանակցությունները «կանցնեն Ադրբեջանի միջնորդությամբ»:
Ինչպես պարզվում է, Իսրայելը եւ Սիրիան բանակցությունների վայր են ընտրել Փարիզը, իսկ Նաթանյահու-ալ-Շարաա հանդիպման հովանավոր կլինի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը վկայում է, որ Սիրիայի հարցում Անկարան տեղի է տվել միջազգային դերակատարների «հորդորներին» և արաբական այդ երկիրն այլևս «օսմանյան ժառանգության» բացառիկ տիրույթում չէ:
Սիրիան, մասնավորապես, Տարտուս նավահանգստի վերականգնումը և հետագա շահագործման կառավարումը հանձնել է ֆրանսիական երկու ընկերությունների:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում չափազանց կարևոր է, որ Ադրբեջանը, չնայած Սիրիայի հետ համագործակցությանը, խոշոր հաշվով «սիրաիական զամբյուղից դուրս է մնացել», ինչը կարող է որոշակի ազդեցություն ունենալ նա իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վրա:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանը կարող է շատ նշանակալի լինել: Ֆրանսիան պատրաստվում է հայտարարել Պաղեստինի ճանաչման մասին: Առերևույթ դա Թուրքիային ձեռնտու որոշում է, սկզբունքորեն՝ ոչ:
Անկարան ձգտում է հնարավորինս սահմանափակել Մերձավոր Արևելքում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայությունը՝ զգուշանալով, որ Փարիզը և Լոնդոնը կվերադառնան Սայքս-Պիկոյի համաձայնություններին և քրդական անկախ պետության հարցը կակտուալացնեն:
Մերձավոր Արևելքի նախագծերից Ադրբեջանի մեկուսացումը դրական նշանակություն ունի հայ-ադրբեջանական կարգավորման համար:
Բաց մի թողեք
«Թակարդ է, որի մեջ Պուտինը ցանկանում է, որ մենք մտնենք»․ Կայա Կալաս
ԱՄՆ-ը կերաշխավորի այն Ուկրաինայի անվտանգությունը, որ կփրկվի Պուտինի «ճիրաններից»
Մոսկվա – Բաքու լարվածությունը ածանցված է ռուս – թուրքական աշխարհաքաղաքական «ապահարզանից»