24/08/2025

Քեռակնոջն ազատեցին զբաղեցրած պաշտոնից․ Լուսանկար

Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունից առաջ համայնքային ենթակայության հիմնարկներում քաղաքական «չիստկա» է սկսել։

Հրապարակ թերթը գրել է․ Նախօրեին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու հրահանգ է իջեցրել Էջմիածնի 13-րդ մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանին՝ զուտ այն պատճառով, որ վերջինս ընդդիմադիր «Էջմիածին դաշինք» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի քեռու կինն է։

Ըստ մեր աղբյուրի՝ Մեխակյանն իր մոտ է հրավիրել մանկապարտեզի տնօրենին, մոտ 30 րոպե սպասեցրել ընդունարանում, ապա կանչել ու ասել՝ դիմում գրի, ազատվի պաշտոնից։ «Մենք հակառակ բեւեռներում ենք, իրար հետ չենք կարող աշխատել»,- ասել է Մեխակյանը։

Տնօրենի՝աշխատանքից ազատվելու մասին լուրը ցնցել է մանկապարտեզի աշխատակազմին ու ծնողներին։ Օգոստոսի 21-ին նրանք, ի նշան բողոքի, երեխա չեն ընդունել մանկապարտեզ․ գնացել են Էջմիածնի համայնքապետարան՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու։ Մեխակյանի փոխարեն աշխատակիցներին լսել է ինչ-որ պաշտոնյա, որին չեն ճանաչել։

«Որ ղեկավարը եկավ, հետն իր մարդկանց բերեց, չենք հասցնում նույնիսկ դեմքերը ֆիքսել։ Սրան էլ առաջին անգամ էինք տեսնում»,-ասաց մանկապարտեզի աշխատակիցը, որի փոխանցմամբ՝ իրենց լսող պաշտոնյան ասել է, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ Աննա Սողոմոնյանն ինքն է դիմում ներկայացրել՝ հեռանալու մասին։

«Թող լոլոներ չկարդան, Մեխակյանը պարզ ասել է՝ հակառակ բեւեռներում ենք, եւ վերջ։ Եթե իրեն թվում է, թե մանկապարտեզը խառնվել է կամ կխառնվի քաղաքականությանը, չարաչար սխալվում է։ Հետո՞ ինչ, որ Սողոմոնյանը Սեւակի քեռու կինն է։ Հո չի՞ կարող դրանից հրաժարվել, ինչ է թե՝ Մեխակյանը կասկածներ չունենա։ Ամոթ է, չի կարելի աշխատող, պրպտող մարդուն աշխատանքից ազատել՝ ընդդիմադիր բարեկամ ունենալու պատճառով։

Եթե Մեխակյանին թվում է՝ ընդդիմադիրների բարեկամներից ազատվելով ամրապնդում է դիրքերը, ասեմ, որ մոլորության մեջ է։ Ընդհակառակը, այդ քայլով քաղաքին տրամադրում է իր դեմ, որովհետեւ Էջմիածնի կեսը Սողոմոնյան Աննայի բարեկամներն ու ծանոթներն են, մյուս կեսը՝ նրա տղաների եւ ամուսնու։ Ամուսինը, ի դեպ, ոստիկանության գնդապետ է, հիմա էլ, եթե չեմ սխալվում, Մաշտոցի ոստիկանապետն է։

Իսկ ո՞վ է Արգիշտի Մեխակյանն Էջմիածնի համար․ գյուղից եկած մի տղա, որ դեմ գնալով ազատամարտիկ հոր սկզբունքներին, ներգրավվեց ՔՊ-ի շարքերն ու հանուն պաշտոնի՝ ուրացավ ծնողի հերոսական անցյալը։ Հիմա էլ հայրենիքը ծախողների կողքին քաղաքական կենսագրություն է կերտում՝ թացն ու չորն իրար խառնած»,- ասաց մանկապարտեզի աշխատակիցը։

Մեր տեղեկություններով, Արգիշտի Մեխակյանը 13-րդ մանկապարտեզի տնօրենի պաշտոնը խոստացել է իր կնոջ զարմուհուն։ Իսկ Մեխակյանի կինը Մանվել Գրիգորյանի առաջին կնոջ քրոջ դուստրն է։

«Հրապարակ»․ Քեռակնոջն ազատեցին զբաղեցրած պաշտոնից