23/08/2025

«Ֆիլհարմոնիկը՝ մարզերում». 6 համերգ՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ․ Լուսանկար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը:

Այն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ծրագրի նպատակը մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն է:

Այս նախաձեռնության շնորհիվ մարզային հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրելու դասական երաժշտության բարձրաճաշակ կատարումներ:

Մարզային հյուրախաղերի ընթացքում նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ եւ հայ հանդիսատեսի կողմից սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Ծրագրում ընդգրկված են Ժան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, Ջուզեպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Հարությունյանի «Վալսը» եւ հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։

Համերգները կանցկացվեն Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում։ Նախատեսված է 6 համերգ՝ հետեւյալ ժամանակացույցով. սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում, սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում, սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում, սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:

«Ֆիլհարմոնիկը՝ մարզերում». 6 համերգ՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ