25/08/2025

Հանդամասում հայտնաբերվել է տղամարդու դի. նրան պոզահարել է համագյուղացու ցուլը

Օգոստոսի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի «Ձոր» կոչվող հանդամասում դի կա։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Նշված հանդամասում հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 63-ամյա Մերուժան Հ.-ի դին։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր։

Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված վնասվածքները ստացել է համագյուղացի 68-ամյա Ալեքսանդր Սիմոնյանին պատկանող ցուլիկի կողմից։

Քրեական և համայնքային ոստիկանները վերջինիս անասնագոմում հայտնաբերել են «Զազո» անունով ցուլին, որի պոզերի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։