Օգոստոսի 23-ին կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Փաստացի դա նշանակում է, որ Մոսկվան և Բաքուն վերականգնում են ուղղակի երկխոսությունը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի լայն շրջանակի հարցեր՝ ներառյալ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը»:
Ուշագրավ է, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը հաջորդում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Երևան այցին, որից հետո նա Աստրախանում մասնակցել է տնտեսական համագործակցության հարցերով ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի արդյունքները ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները գնահատել են «լիովին հաջողված»:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման միտումներ նկատվեցին Ալյասկայում ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երբ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու համաձայնության մասին:
Օվերչուկի Ադրբեջան այցը ծրագրված էր հուլիսի սկզբներին, բայց չկայացավ, որովհետև Բաքուն Եկատերինբուրգում մի քանի ադրբեջանցիների ձերբակալությունից հետո և մանավանդ նրանցից երկուսի մահվան առթիվ ստեղծված իրավիճակում ոչ միայն նրա, այլև առհասարակ Ռուսաստանի որևէ պաշտոնյայի Ադրբեջան այցը համարել էր «ոչ նպատակահարմար»:
Ռուսաստանում ադրբեջանցի գործարարների և «համայնքի ղեկավարների» նկատմամբ իրավապահների գործողությունները շարունակվում են, չլուծված է մնում Բաքվում կալանավորված ՌԴ քաղաքացիների հարցը, Մոսկվան որևէ կերպ չի արձագանքել Բաքու-Գրոզնի օդանավի խորտակման պատասխանատվությունը ստանձնելու, մեղավորներին պատժելու և փոխհատուցում վճարելու մասին Իլհամ Ալիևի պահանջին:
Այս իրավիճակում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, Լավրով-Բայրամով ձևաչափով տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի քննարկումը հուշում է, որ մոտ ապագայում կվերականգնվի նաև Պուտին-Ալիև ուղղակի շփումը:
Ամենայն հավանականությամբ, Անքորիջում Թրամփը և Պուտինը քննարկել են նաև Հարավային Կովկասին, հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր: Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը նաև ասել է, որ Մոսկվայում «սպասում են» Նիկոլ Փաշինյանին:
Բաց մի թողեք
Երկու դիտարկում՝ նույն թեմայով. հայաստանցի – ղարաբաղցի
ԵՄ-ն Ուկրաինային Անկախության օրվա առթիվ հատկացրել է ավելի քան 4 միլիարդ եվրո
Հայաստանի ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում