Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության Հռչակագիրը «կոնֆլիկտային» է բնորոշել: Արձագանքը, որ Արցախի հարցը միջազգայնորեն լեգիտիմ է, իրեն սպասեցնել չտվեց:
Իսկ հիմնավորումն այն է, որ հակառակ դեպքում միջազգային կառույցներին անդամակցելիս Հայաստանը խնդիրներ կունենար:
Ֆորմալ առումով դա այդպես է: ՄԱԿ-ին անդամակցելիս Հայաստանի առջև անկախության Հռչակագիրը խմբագրելու, ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշմանը հղումը տեքստից հանելու պահանջ չեն ներկայացրել:
Խորհրդային Միության Սահմանադրական հսկողության կոմիտեն 1991 թվականի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել թե ՀԽՍՀ և ԼՂ միավորման, թե Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին համապատասխանաբար Երեւանի և Բաքվի կողմից ընդունված որոշումները:
Այսինքն, ԽՍՀՄ իրավական փլուզումից շուրջ մեկ ամիս առաջ այդ երկրի բարձրագույն սահմանադրական ատյանը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի՝ որպես միութենական հանրապետության իրավական կարգավիճակը, վերականգնել 1988 թվականի փետրվարի 20-ի դրությամբ հայ-ադրբեջանական իրավաքաղաքական ստատուս-քվոն:
Միավորված ազգերի կազմակերպությունը, ԵԱՀԽ-ն և միջազգային մյուս բոլոր կազմակերպություններն, ըստ այդմ, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են անկախ՝ որպես ՀԽՍՀ-ի և Ադր.ԽՍՀ-ի իրավահաջորդ, իսկ առկա հակամարտության կարգավորումը վերապահել են Մինսկի խմբին, որ կոչված էր ոչ թե լեգիտիմացնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը կամ ԼՂ սուբյեկտության ադրբեջանական լուծարումը, այլ՝ վերահաստատելու նրա կարգավիճակը:
Այս իմաստով հիմնովին սխալ և վնասաբեր է եղել այն կոնցեպտը, որ ԼՂ-ն ԽՍՀՄ փլուզման պահին արդեն անկախ էր, ուստի այդ կարգավիճակը պետք է ճանաչվի: Քաղաքական-դիվանագիտական հայեցակարգը պետք է այն լիներ, որ ԽՍՀՄ-ից անկախություն ստացած Ադրբեջանն իր կազմում ունեցել է ինքնավար Լեռնային Ղարաբաղ, և հակամարտության կարգավորման ելակետ պիտի լինի անկախ Ադրբեջանի ազգային օրենսդրությամբ այդ կարգավիճակի վերաամրագրումը:
Ի վերջո, եթե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը միջազգայնորեն լեգիտիմ լիներ, ապա Հայաստանի սահմանադրությունը չէր խզի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման հետ իրավական ժառանգորդությունը:
Բաց մի թողեք
Ում դեմ պատերազմի է նախապատրաստվում Ադրբեջանը
Հայատյաց քաղաքականությունն Ադրբեջանում չի դադարել, իրենց համար մենք թշնամի ենք
Բաքվի հայատյաց քաղաքականությունն էր, որ հանգեցրեց նախ Արցախյան շարժման, ապաեւ երկու ավերիչ պատերազմի