25/08/2025

Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպման «հիմքեր է ստեղծում»

Թուրքիայի ԱԳՆ-ն Գազայում մարդասիրական իրավիճակի մասին հայտարարություն է տարածել, որտեղ Իսրայելին մեղադրել է «ցեղասպան քաղաքականություն վարելու», իսկ միջազգային հանրությանը՝ «Նաթանյահուի կառավարությանն անպատիժ թողնելու» մեջ:

Նախօրեին «Անադոլուն» հատվածներ է հրապարակել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի նամակից, որտեղ նա խնդրում է «Նաթանյահուին անձնական ուղերձ հղել, որպեսզի նա դադարեցնի Գազայի անմեղ երեխաների և կանանց սպանությունները»:

Նույն օրն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարել է, որ «մի շարք քաղաքական խմբեր Թուրքիայի հանրությանը ներշնչում են ակնհայտ ստահոդ տեղեկություններ» և վստահեցրել, որ «Քրդական բանվորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլա Օջալանի «նկատմամբ երբեք համաներում չի կիրառվի»:

«Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ծրագիրը, երևում է, քուրդ բնակչության շրջանում առանձնակի աջակցության չի արժանանում: ՔԲԿ ռազմական կազմավորումների զինաթափման հարցում շոշափելի առաջընթաց չկա:

Օգոսոտսի 22-ին իրավիճակը կտրուկ սրվել է իրաքյան Սուլեյմանիեում, որտեղ քրդական երկու խմբավորումների միջև զինված բախումներ են տեղի ունեցել:

Քրդական խնդիրը ոչ մի լուծում չի ստանում նաեւ Սիրիայում: Քրդերը պնդում են, որ ավելի քան մեկուկես տասնամյակ գոյություն ունեցող ինքնավարությունը պետք է կենտրոնական իշխանությունների կողմից ճանաչվի:

Նրանք նաև մերժում են տեղական ռազմական կազմավոորւմներները Սիրիայի ընդհանուր զինված ուժերի կառուցվածքում ընդգրկելու առաջարկությունից: Այդ առթիվ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես է եկել Սիրիայի քրդերին ուղղված կոչով և հորդորել, որ նրանք «երկրում իրավիճակը չապակայունացնեն»:

Խիստ ուշագրավ է, որ Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, որ Փարիզում ընթանում են իսրայելա-սիրիական բանակցություններ, կողմերը նախնական համաձայնություն կստորագրեն Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի «կողասրահներում»:

Իսրայելա-սիրիական որևէ համաձայնություն Թուրքիային ձեռնտու չէ: Բացառված չէ, որ Դամասկոսը Փարիզի բանակցություններից հեռացել է Անկարայի պահանջով:

Այս ենթադրության օգտին կարելի է վկայակոչել իսրայելական աղբյուրների տեղեկատվությունը, որ Սիրիայի Սուեդիա նահանգի դրուզ առաջնորդները «մի կողմ թողնելով տարաձայնությունները, հայտարարել են Դամասկոսի հետ շփումները խզելու և ինքնավարություն հռչակելու մասին»:

Ըստ տեղեկությունների, այդ շրջանի բոլոր բնակավայրերում «ստեղծվել են հսկիչ-անցագրային կետեր»: Սիրիայի հարավում Իսրայելի ազդեցության տարածումը Թուրքիան գնահատում է իր «ազգային անվտանգությանը սպառնալիք»:

Երևում է, Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպման «հիմքեր է ստեղծում»: Թրամփը կընդառաջի՞ նրան: Էրդողանի օրակարգում «Թրամփի կամուրջ» նախագիծն ընդգրկվա՞ծ է: