27/08/2025

Բաց նամակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

Մեծարգո տիկին Անդրեասյան 

Ձեր ձեւավորած ստեղծագործական թիմի կատարած աշխատանքի արդյունքում աշխարհագրության կրթական չափորոշիչն ու թեմատիկ պլանը կրել են էական եւ, միաժամանակ, երկակի փոփոխություն: Իրականացվել են հիմնականում արտաքին, ձեւական բնույթի փոփոխություններ, որոնց արդյունքում կրթական չափորոշիչը դարձել է ավելի «պետական» եւ ավելի «նորարարական», ինչը դրական, սակայն ոչ բավարար քայլ է: Անառարկելի է, որ կրթական բարեփոխումն ավելի մեծ չափով եւ, առաջին հերթին, պայմանավորված է դրա բովանդակային փոփոխությամբ, որն ինչ-որ չափով անտեսված է նոր չափորոշչում:

Ի տարբերություն հասարակական (սոցիալ-տնտեսական) աշխարհագրության, բնական (ֆիզիկական) աշխարհագրության բովանդակությունը համեմատաբար քիչ չափով է փոփոխվել: Աշխարհագրության հնագույն՝ հունական դպրոցի շատ գաղափարներ թեեւ աննշան չափով հարստացել են, բայց դեռեւս պահպանվում են, սակայն հաշվի չառնելով այդ իրողությունը՝ կրթական արդի չափորոշչում հանկարծ կատարել են անհիմն եւ, ցավալիորեն, կրթությանը վնասող կամայական փոփոխություններ, որոնցից մի երկուսին ցանկանում եմ անդրադառնալ: Դրանցից իր նշանակությամբ եւ մասշտաբով առավել խնդրահարույց է բնության «վերընթացության» եւ դրանից ածանցվող «վերընթաց գոտիներ» հասկացությունը, որը մինչեւ 2000-ական թվականները գոյություն չի ունեցել Հայաստանի աշխարհագրությունում, իսկ այլ երկրներում գոյություն չունի նույնիսկ մինչ օրս (տես բառարանները, հանրագիտարանները, գիտական գրականությունը): Գրչի մեկ հարվածով, առանց որեւէ գիտական հիմնավորման, չափորոշչի մեջ մտցված վերընթացության գաղափարը տրամագծորեն հակասում է երկրի (տիեզերական) ձգողության (գրավիտացիայի) գաղափարին եւ, դրանով իսկ, խոչընդոտում է աշակերտի մտածողական ընկալունակությանը: Աշակերտները, ինչպես նաեւ անբավարար փորձ ունեցող, որոշ ուսուցիչներ, հնարավոր է՝ տարակուսանքի մեջ հայտնվեն, եթե նրանց հարցնեն, օրինակ, թե որ ուղղությամբ են ընթանում լեռնային բնական գոտիները, դրանց բաղադրատարրերը, ասենք՝ գետերը, վերընթա՞ց, թե՞ վարընթաց:

Շտապեմ նշել, որ իրականում գոտիները ոչ մի ուղղությամբ էլ չեն ընթանում: Սակայն, այնուամենայնիվ, նրանք «Բնագիտություն» ու «Ֆիզիկա» առարկաներից որոշ նախնական տեղեկություն ունեն, որ լեռնային գոտիների որոշ բաղադրատարրեր (օրինակ՝ հողը, ջուրը) ընթանում են դեպի վար՝ դեպի ցամաքի ցածրադիր գոգավորությունները եւ օվկիանոսները:

Գիտական մոլորությունից բացի, չափորոշչում, հետեւաբար եւ դասագրքերում, տեղ են գտել նաեւ գիտական շփոթություններ, օրինակ՝ թեմատիկ պլանում ներառված է այլ գիտության՝ ջրաբանության ուսումնասիրության նյութը (գետային ջրաբանություն):

Նույնիսկ մակերեսային վերլու­ծությունից պարզ երեւում է՝ չափորոշիչ կազմողները, ինչպես նաեւ՝ այդ չափորոշչի ցուցումներով դասագիրք գրողները ստեղծագործել են հիմնականում համացանցի գիտելիքների վրա եւ ակադեմիական չհիմնավորված եզրակացություններ են ներկայացրել Ձեզ, եւ Դուք էլ փորձագետների եզրակացության վրա հիմնված բանական որոշում եք կայացրել՝ ընթացք տալ դրանց:

Պարզորեն պատկերացնում եմ, թե ինչպիսի դժվարությամբ կարելի է շտկել ստեղծված անընդունելի իրադրությունը: Դա Ձեր իրավասության հարցն է, սակայն որոշ նկատառումներ, այնուամենայնիվ, ուզում եմ հայտնել: Աշխարհագրության առկա չափորոշչի անհրաժեշտաբար բարեփոխումը կամ, ինչպես ասում են, լավարկումը տեսականորեն կարող է ունենալ հետեւյալ վերջնարդյունքները։

Առաջին, բայց անհավանական տարբերակն է, որ առկա չափորոշչի հեղինակներն իրենք գիտականորեն համոզիչ ու հիմնավորված մակարդակով նորովի ներկայացնեն վերը հիշատակված սխալ դրույթներն ու եզրակացությունները, որից հետո դրանք կարելի է ներկայացնել որպես համաշխարհային աշխարհագրական գիտության եւ կրթության նորարարություն:

Երկրորդ հավանական տարբերակն այն է, որ եթե չափորոշչի հեղինակները չկարողանան գիտական տարբեր տեսանկյուններից հիմնավորել վերընթաց գոտիականությունը, ապա այն դուրս կմնա կրթական չափորոշչից եւ դասագրքերից:

Երրորդ տարբերակն է, որ չափորոշիչը չի բարելավվի, բայց դրա հեղինակները եւ դրանց համախոհները իմ այս դիրքորոշման դեմ հանդես գան «ուղեղային գրոհով» (brain storming), սակայն դա ոչ մի արդյունք չի ունենա իմ դիրքորոշման անփոփոխության վրա (ինչպես հայտնի հեքիաթի մանկիկի վրա, որն ապացուցեց, որ արքան մերկ է):

Չորրորդ տարբերակն էլ այն է, որ նախարարությունը չարձագանքի որեւէ կերպ իմ այս նամակին (ինչպես նախկին նամակիս): Այս դեպքի վերաբերյալ միայն կարող եմ հիշեցնել, որ պատասխանի բացակայությունը եւս յուրատեսակ պատասխան է՝ հասկանալի հետեւանքներով:

Ռուդիկ Մարգարյան; Աշխատանքի վետերան, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ